Բրիտանական խորհուրդը սահմանել է « Ոսկե ծիրանի» «Փառատոնի նորանուն» հատուկ մրցանակը
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նորանուն» հատուկ մրցանակը, տեղեկացնում են Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունից:
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները:
Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր Sight & Sound կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը:
Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում:










