Սպիտակ տունը կպարգևատրի «Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասին
Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջորջ Լուկասին, ով լեգենդար «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հեղինակն է, կհանձնվի Սպիտակ տան մրցանակը, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմից տեղեկացրել են, որ Լուկասը ներառվել է ավելի քան 20 դափնեկիրներից բաղկացած ցուցակում, ովքեր արժանացել են արվեստների ու հումանիտար գիտությունների ազգային մեդալին։
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, Վաշինգտոնում։ Ցուցակում, բացի Լուկասից, ներառվել են նաև սցենարիստներ Թոնի Կուշները («Մյունխեն, «Լինքոլն») ու Ջոան Դիդիոնը («Սրտին մոտ»), օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը, պարող և պարուսույց Ջոան Մայերս Բրաունը, նկարիչ Էլսվորտ Քելին և կոմպոզիտոր Ալեն Տուսենը։
Նշվում է, որ Լուկասը մեդալի դափնեկիր է դարձել շնորհիվ ամերիկյան կինեմատոգրաֆում ունեցած ավանդի։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռեժիսորը ստեղծել է բոլոր ժամանակների ամենասիրված ու կուլտային ֆիլմերից մեկը։










