Պերուում ոչնչացվել է շուրջ 4.000 տարի առաջ կառուցված բուրգ
Պերուի մայրաքաղաք Լիմայի հյուսիսում շինարարական ընկերությունները քանդել են հնագույն բուրգը, որը կառուցվել է մոտ 4 հազ. տարի առաջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Այդ մասին հայտնել է Պերուի մշակույթի նախարարի տեղակալ Ռաֆայել Վարոնը։
Ոչնչացված 6-մետրանոց բուրգը գտնվել է Պերուի ամենահին գլխավոր բնակավայրերից մեկում՝ El Paraiso-ում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսից 2 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր առմամբ, համալիրում գտնվել է 12 սրբություն։ Բուրգը գտնվել է կենտրոնում և օգտագործվել որպես տաճար։ Բուրգի կառուցման համար պահանջվել է ավելի քան 100 հազ. տոննա քար։
Վարոնի խոսքով՝ Alisol և Provelanz ընկերությունների բանվորները փորձել են ոչնչացնել ևս 3 բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղի բնակիչները։ Շինարարական ընկերություններին մեղադրանքներ են ներկայացվել։










