Տարոն Մարգարյանը մասնակցել է ակադեմիկոս Ա. Թախտաջյանի կիսանդրու բացմանը

18:39 • 04.07.13

Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:



Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը:

 

Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց շարքում գերակշռել են ակադեմիկոսի գործընկերներն ու մտերիմները, իրենց խոսքում արձանագրել են, որ Արմեն Թախտաջյանն իսկապես անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին իսկապես արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում:



Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միջոցառմանը մասնակցելու համար: