Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը

15:33 • 04.07.13

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ, որտեղ բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում:


Տանտիրոջ իրավունքով Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների որոշ նմուշները:


Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ:
 

Այնուհետ Միխայիլ Պիատրովսկին Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ:
 

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում:
 

Ուրարտական ցուցանմուշների դիտումից հետո Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաև Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին:

Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիատրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաև Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: