«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ

15:44 • 05.07.13

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի ֆրանսահայ մեծ երգիչ Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ՝ իր իսկ անվան հրապարակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
 

«89 տարեկան հասակում մարդը եկել է փառատոնի մասնակցելու: Շատ լավն է, չնայած տարիքին միտքը պայծառ է»,- ասաց նա:


Նշենք, որ այս արարողությանը կհաջորդի փառատոնի բացման արարողությունը և բացման ֆիլմի՝ Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնամուրի վրա» ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


Նշենք, որ մրցույթի պատվավոր մրցանակներն արդեն իսկ ունեն իրենց հասցեատերերը։ Փառատոնի բացման արարողության ընթացում մեծ շանսոնյեին կտրվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Նույն մրցանակը կտրվի նաև համաշխարհային կինոարվեստում իրենց վաստակը ունեցած ռեժիսորներ Մարգարեթ ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդը, ու «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում։ Այն արժանացել է «Վարպետ» մրցանակին:


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ ինչպես նախորդ երկու տարիների ընթացքում, այս տարի ևս կանցկացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը:


«Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմի օրեր» ծրագիրը: Կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր՝ այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին՝ Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ»,- ասաց նա:


Նշենք, որ փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի ու Վրաստանի համատեղ արտադրության է: