Հրապարակվել են Չե Գևարայի մահվան նոր հանգամանքներ
Հեղափոխական Չե Գևարայի (1928-1967, Էռնեստո «Չե» Գևարա) մահվան նոր հանգամանքներ են հայտնի դարձել շնորհիվ հրատարակվելիք «Չեի սպանությունը Բոլիվիայում. բացահայտումներ» գրքի, հայտնում է Взгляд-ը՝ կուբական Juventud Rebelde հրատարակությանը հղումով։ Գրքի հեղինակներն են հեղափոխականի կյանքն ուսումնասիրող Ադիս Կուպուլն ու Ֆրոյլան Գոնսալեսը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Չեին սպանողները կտրել են ոչ միայն նրա ձեռքերը, այլև գլխատել նրան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեին գլխատելու գաղափարը կարող էր պատկանել Բոլիվիայի այն ժամանակ նախագահ Ռենե Բարյենտոսին, ով իբր ցանկացել է այն ուղարկել Կուբա, ինչին ԱՄՆ վարչակազմը դեմ է եղել։
Մինչ հուղարկավորելը, Չե Գևարայի ձեռքերը կտրել են և դրել հեղուկով լի տարայի մեջ։ Աելի ուշ դրանք ուղարկվել են Հավանա՝ Բոլիվիայից փախուստի դիմած նախկին նախարարի կողմից։
Եթե այս տվյալները ճիշտ են, ապա, ինչպես կարծում են փորձագետները, կարելի է ենթադրել, որ բոլիվիական իշխանությունները, այնուամենայնիվ, փորձել են իրականացնել իրենց մտահղացումը, սակայն դա չեն կարողացել ավարտին հասցնել։
Գրքի հեղինակները նաև հայտնում են բոլիվիացի հատուկջոկատայինների վատ պահվածքի մասին, որոնք գնդակահարել են Չե Գևարային Լա-Իգերա բնակավայրում 1967-ի հոկտեմբերին։ Ըստ հեղինակների՝ զինվորականներից մեկը մոտեցել է դեռ ողջ, սակայն ծեծված հեղափոխականին, բռնել նրա մորուքից ու մազափունջ պոկել։
1967-ին Գևարան իր ջոկատով հայտնվել Բոլիվիայում՝ պարտիզանական շարժում կազմակերպելու նպատակով։ Սակայն հոկտեմբերի 8-ին նա վիրավորվել է և գերի ընկել բոլիվիական բանակի հատուկջոկատայիններին, հաջորդ օրը՝ հարցաքննելուց հետո, նրան գնդակահարել են։










