Նարեկացի արվեստի միությունը սկսում է գիտաժողովների նոր շարք
Նարեկացի արվեստի միությունն սկսում է գիտաժողովների նոր շարք, որի մեկնարկը տրվեց այսօր։ Առաջին գիտաժողովի խորագիրն էր «Անցյալի օրվա ներքո դեպի ապագան», իսկ թեման՝ «Միջնադարյան հայ արվեստը»։
Tert.am-ի հետ զրույցում գիտաժողովի համակարգող Սեդա Մանուկյանը նշեց, որ գիտաժողովին ներկայցված է 13 զեկույց, որոնց ներկայացվելուց հետո կազմակերպական հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները, որոնք էլ կտպագրվեն «Էջմիածին» ամսագրում։
Սեդա Մանուկյանի խոսքով՝ նման գիտաժողովների անցկացման նպատակն է ևս մեկ անգամ ներկայացնել միջնադարյան հայ արվեստը, դրա չբացահայտված կողմերը։
«Նպատակն է ևս մեկ անգամ հայ միջնադարյան արվեստը ներկայացնելու, ուսումնասիրելու և հանրությանը հասու դարձնելու։ Ներկայացված են տարբեր աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են միջնադարյան ճարտարապետությանը, մանրանկարչությանը, քանդակագործությանն ու գեղանկարչությանը»,- ասաց նա և ընդգծեց, որ հայ արվեստն ունի երկարատև ուսումնասիրման կարիք։
«Մեր միջնադարյան արվեստի բացառիկ գոհարներից շատերը, որոնք պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում, ունեն ուսումնասիրման և ամբողջությամբ հանրությանը ներկայացնելու կարիք։ Հույս ունենք, որ գիտաժողովների շարքը ավանդույթի կվերածվի Նարեկացիում և իր փոքրիկ լուման կունենա հայ արվեստի ուսումնասիրման գործում»,-նշեց նա։










