Անհանգստություն կա, բայց բեմում ես հաղթահարում եմ այն.Վրեժ Կիրակոսյանը «Славянcкий базар»-ում կներկայացնի Հայաստանը

12:16 • 06.07.13

Լուսանկարը՝ Armenpress-ի



«X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը հուլիսի 12-ից15-ը Վիտեբսկում կայանալիք «Славянcкий базар» միջազգային մրցույթին կներկայացնի Հայաստանը։ Նա վաղն արդեն կմեկնի Վիտեբսկ։


«Անհանգստություն կա, բայց բեմում ես հաղթահարում եմ այդ անհանգստությունը, տրամադրվածությունը շատ լավ է, ինձ համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է, իսկ մրցանակների հետ կապված՝ թե ինչպես կգնահատի ժյուրին, կտեսնենք մրցույթի վերջում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Մրցույթին 21 երկիր կներկայանա այս տարի, ժյուրիի կազմում 11 ներկայացուցիչ է, նախագահը Լարիսա Դոլինան է։ Հայաստանից ժյուրիի կազմում Ռոբերտ Ամիրխանյանն էր լինելու, սակայն վերջին պահին հրաժարվել է։


Մասնագիտությամբ իրավաբան, երաժշտական կրթություն չունեցող Վրեժ Կիրակոսյանի՝ մրցույթին ներկայացվելիք երգերի ցանկում է նաև Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» ստեղծագործությունը։


Ինչպես երգիչը փոխանցեց լրագրողներին, վերադառնալով այդ մրցույթից՝ կմեկնի Ղրիմ, հետո Լոնդոն, և իր առաջին տեսահոլովակի պրեմիերան կկայանա ամենաուշը սեպտեմբերի երկրորդ կեսին։


Ասուլիսին ներկա էր նաև մրցույթի ընթացքում երգչին ուղեկցող Արկադի Շուշանյանը։ «Մեր մասնակիցն ընտրվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից, կարծում եմ, որ ձեռնունայն չենք վերադառնա մրցույթից»,- ասաց նա և շանսերի մասին նշեց, որ 21 ներկայացուցիչների մեջ մեկ հայ ևս կա, ով ներկայացնում է Ռուսաստանը. «Չեմ ուզում թերագնահատել ինչ-որ մի կատարողի, բայց համոզված եղեք, որ մերը լավագույնն է»։


Նշենք, որ մրցույթի գլխավոր մրցանակը 15 000 դոլար է, երկրորդը՝ 9000, երրորդը՝ 5000։ Նշված մրցանակներից որևէ մեկին արժանանալու դեպքում Վրեժ Կիրակոսյանն ասաց, որ պատրաստվում է այդ գումարը Հայաստանում ծախսել։