Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը. Ազնավուրի անվան հրապարակում կբացվի Ազնավուրի աստղը
Երևանում այսօր մեկնարկում է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացումը նախ կնշանավորվի ՇառլԱզնավուրի «Աստղի» բացմամբ՝ իր իսկ անվան հրապարակում, ինչին կհաջորդի բացման հանդիսավոր արարողությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքը:
Փառատոնային կինոցուցադրությունների մեկնարկը ևս ազնավուրյան է. ցուցադրվելիք առաջին ֆիլմը Ֆրանսուա Տրյուֆոյի՝ «Կրակել դաշնակահարի վրա» ժապավենն է՝ Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն արդեն երկու օր է՝ Հայաստանում է:
Փառատոնի բացմանը մեծ շանսոնիեին հանձնվելու է «Փարաջանովյան թալեր» մրցանակը:
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչների հաղորդմամբ, փառատոնի մյուս օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կշնորհվեն նաև Մարգարեթ ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:
Մեր ժամանակների հայ մեծանուն ռեժիսոր, վավերագրող Արտավազդ Փելեշյանը, ով ևս այս տարի պատվել է կինոփառատոնն իր ներկայությամբ, կարժանանա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակին:
Կինոփառատոնի շրջանակներում արդեն երրորդ տարին իրականացվող «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը, որի նպատակն է՝ ներկայացնել ԱՊՀ երկրների՝ վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ:
Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի արտադրության տարբեր ֆիլմեր:
Փառատոնի ծրագրում կազմակերպվելու է նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` «հետահայաց ցուցադրություններ» խորագրով: Իսկ Գեորգի Դանելիայի՝ արդեն 35 տարեկան դարձած «Միմինո» կատակերգության համար կազմակերպվել է յուրահատուկ «ճամփորդություն». ֆիլմը նախ կներկայացվի Երևանում և Գյումրիում, ապա՝ Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում:
Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ կցուցադրվեն նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մրցանակակիր ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:
Արտամրցութային ծրագրում այս տարի ընդգրկված է նաև նոր՝ «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից 2012թ. ստեղծված ֆիլմեր:
Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը՝ Մարգարեթ ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն վարպետության դասեր կտան «Նաիրի» կինոթատրոնում: Նրանք համաձայնել են երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:
Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրությունն է:










