Տոլմայի համահայկական փառատոնին այս տարի կցուցադրվի ամենաերկար տոլման
Տոլմայի համահայկական փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10–ին, ինչպես միշտ՝ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում, և այս տարի կլինի անակնկալ. կցուցադրվի ամենաերկար տոլման, այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ փառատոնը երրորդ տարին է անցկացվելու։
«Անցած տարի 60–ից ավել տարատեսակներ են ներկայացվել, իսկ այս տարի անակնկալ է լինելու, ներկայացվելու է ամենաերկար տոլման, և մտադրություն կա դա հետագայում զարգացնել և գրանցել Գինեսի գրքում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ փառատոնի բացումը տարբերվելու է նախորդներից։
Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ՝ մրցույթին ներկայացված անվանակարգերը կլինեն «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում», «լավագույն սկսնակ խոհարար» և «հանդիսատեսի համակրանք»։
Փառատոնին կմասնակցեն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից։ Այս տարի տոլման լինելու է վճարովի և, ինչպես Սեդրակ Մամուլյանն ասաց, հասույթը կտրամադրվի Արմավիրի մարզի կարիքավոր դպրոցներից մեկին։
Քանի որ փառատոնը նաև քարոզչական բնույթ ունի, կազմակերպիչները որոշեցին այն անցկացնել «Ոսկե ծիրանի» անցկացման ժամանակահատվածում։
Ասուլիսին ներկա էր նաև «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը, ով ասաց, որ համագործակցության իմաստն այն է, որ մեծ շեշտադրում լինի նման միջոցառումների վրա։
Փառատոնի մասին խոսեց նաև ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը՝ նշելով, թե պատահական չէ, որ այս փառատոնը իրականացվում է Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։
«Սա իսկապես ներկայացնում է մեր հերթական հաղթանակը։ Ճիշտ է, մենք առանձնապես կարիք չունենք ինչ–որ մեկին բան ապացուցելու, բայց ազգային խոհանոցը պետք է ներկայացվի և մարդիկ հաղորդակից լինեն այս կարևոր իրադարձությանը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տոլմային, ազգագրագետը նկատեց, որ հայերը դա հատուկ խնամքով են պատրաստում։










