Իմ մասնագիտական կյանքը բաղկացած է 2 մասից՝ մինչև 2011-ի «Ոսկե ծիրանը» և դրանից հետո. երիտասարդ ռեժիսոր

17:23 • 09.07.13

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված «Մարաթոն» ֆիլմի ռեժիսոր Հարութ Շատյանը, փառատոնին առաջին անգամ մասնակցել է 2011-ին և ասում է, որ իր մասնագիտական կյանքը բաղկացած է երկու մասից՝ մինչ 2011-ի «Ոսկե ծիրանը» և 2011-ի «Ոսկե ծիրանից» հետո: «Այդ ժամանակ «Ոսկե ծիրանին» մասնակցած իմ ֆիլմը մասնակցեց նաև միջազգային մրցույթների, և այդ ամենը «Ոսկե ծիրանի» շնորհիվ եղավ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ այս փառատոները մեծ հնարավորություն են տալիս շփվել այն մարդկանց հետ, ովքեր այս պահին կինոոլորտում են, և շատ կարևոր է մասնակցել նմանատիպ փառատոներին, որովհետև երբ մասնակցում ես փառատոնի, արդեն դա գնահատականն է քո արած աշխատանքի:


Խոսելով կինոփառատոնի այս տարվա մրցակցության մասին՝ Հարութ Շատյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի մրցակցությունը մեծ է, այս տարի ավելի շատ ֆիլմեր են ներկայացված, նախորդ տարի ավելի քիչ էին: «Նույն «Հայկական համայնապատկերը», որով մենք ենք մասնակցում, 20-ից ավել ֆիլմ է ներկայացված, իսկ դա արդեն բավականին լավ է»,- նշեց նա:


2011-ին Հարութ Շատյանը մրցանակ է ստացել «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում, այս տարի նույնպես ներկայացրել է կարճամետրաժ ֆիլմ: «Հաղթելու մասին չենք մտածում, մտածում ենք, որ կարևոր է, որ մասնակցում ենք, քանի որ այսքան միջազգային վարպետներ կինոյի ոլորտում, եթե հավաքվել են մի տեղ, դա արդեն իսկ մեծ բան է»,- ասաց նա


Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ երիտասարդ ռեժիսորի ֆիլմը մարդու մասին է: Ինչպես ինքը ներկայացրեց, Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը դուրս է եկել ինքն իր դեմ: «Ցանկացած ֆիլմ պետք է մաքսիմալ պրոբլեմ ունենա, ցանկացած ֆիլմ արդեն մարդու շուրջ կառուցվող բան է, և չի կարող ֆիլմը լինել միայն կենդանու մասին, մարդկային հարաբերություններ են այդտեղ ներկայացվում»,- նկատեց նա: