Թուրքերը, եթե վերականգնում են հայկական հուշարձանները, միտումնավոր աղավաղում են դրանք. Մշակույթի նախարարություն

19:30 • 09.07.13

Թուրքական կողմը վերջին տարիներին վերականգնման աշխատանքներ է կատարել Վանի Աղթամարի Սբ Խաչ, Անիի Տիգրան Հոնենց և Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցիներում: Ընթացքի մեջ է Անիի Սբ Փրկիչ և Աբուղամրենց Սբ Գրիգոր եկեղեցիների վերականգնումը, բայց վերականգնման աշխատանքների ընթացքում իրականացվել են միտումնավոր աղավաղումներ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Tert.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան:

 

Նախարարությունից տեղեկացնում են, որ օրինակ՝ Անիի պարսպապատերի վերականգնման ընթացքում քաղաքի դարպասի վրայից անհետացել է քաղաքի զինանշանի խաչը:

 

Հայաստանի մշակույթի նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն՝(ՀՀ-ն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ) Թուրքիայի՝ պատմական Հայաստանի տարածքում, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանվածության վիճակը հիմնականում անբավարար է:

 

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանների պահպանության հարցը կարող է դիտարկվել Եվրոպական մշակութային կոնվենցիայի շրջանակներում, որին Թուրքիան միացել է 1954 թվականին:


Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ուշադրություն դարձնել իրենց հսկողության ներքո գտնվող եվրոպական մշակութային արժեքներին` որպես Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մաս, համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք պահպանելու համար և երաշխավորել դրանց մատչելիությունը: