Հայ կինոն նահանջ չի ապրում. Ռաֆայել Քոթանջյանը՝ այս տարվա «Ոսկե ծիրանից» իր սպասելիքների մասին
ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը գտնում է, որ հայ կինոն նահանջ չի ապրում, համենայնդեպս, ինքը այս տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրել: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի սպասելիքներին, նա կարծում է, որ այս փառատոնի շրջանակներում էլ փայլուն աշխատանքներ, հային հարիր և համապատասխան լավագույն գործեր կլինեն:
«Ես տարբեր տարիների եղել եմ ժյուրիի կազմում, կարծում եմ, որ սպասելիքներ կան «Ոսկե ծիրան»-ից, և դեռ չի եղել, որ փառատոնի շրջանակներում որևէ համայնապատկեր դիտելուց հիասթափվեմ. միշտ էլ կան աշխատանքներ, որոնք փայլում են և համաշխարհային մակարդակի են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հայկական ֆիլմարտադրության ոլորտում զարգացումների առումով վաստակավոր դերասանը դժգոհություններ չունի:
«Սերիալային այս տարբերակներն ինձ էլ են անհանգստացնում, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, մաքսիմում մեկ տարի հետո մենք կունենանք որակյալ արտադրանք: Կարծում եմ, որ սերիալները կամաց-կամաց կզիջեն իրենց դիրքերը, ամբողջ աշխարհն է անցել այդ ճանապարհը, բոլոր զարգացող երկրներն ունենում են այդ տարբերակը և հետո հրաժարվում են: Մենք նույնպես կհրաժարվենք այդ տարբերակից, որովհետև դա մեզ հարիր չէ»,-ասաց դերասանը:
Հարցին՝ արդյոք երկրից տաղանդների արտահոսք նկատվու՞մ է, նա պատասխանեց, որ, բնականաբար, դա չի կարող չլինել, բայց ինքը չի կարծում, որ բոլոր ռեսուրսները կարող են սպառվել:
«Դրա ապացույցը Թատերական ինստիտուտի իմ կուրսն է, որտեղ սովորում են 24 հոգի, բայց ես հանգիստ կարող եմ ասել, որ իմ կուրսում առնվազն 5-6 հոգի կան, որոնք կլինեն մեր ապագա թատրոնի սյուները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ լավ, մտածող, հասկացող, տրամաբանող և, ամենակարևորը՝ ասելիք ունեցող սերունդ է մեծանում:
Ինչ վերաբերում է դրսում իրենց հմտությունները կիրառելու երիտասարդների ձգտումներին, անվանի դերասանը նշեց, թե նրանք ոչ թե ուզում են իրենց հմտությունները դրսում կիրառել, այլ փնտրում են, թե որտեղ կիրառեն: Եթե Հայաստանում ստեղծվի բարենպաստ իրավիճակ, նրանք կմնան այստեղ, իսկ հիմա մարդիկ փնտրում են հնարավոր տարբերակը, որտեղ իրենք ավելի լավ կարող են դրսևորվել. «Ես էլ եմ երիտասարդ տարիներին փնտրել տարբերակներ, դա միշտ էլ եղել է, ես էլ անընդհատ ձգտում էի Մոսկվա գնալ, երբ գնացի այնտեղ և 200 հոգու մեջ ապացուցեցի, որ ես լավագույններից եմ, հանգիստ սրտով վերադարձա Հայաստան»:
Հայ կինոարտադրության հիմնական խնդիրներից Ռաֆայել Քոթանջյանն առաջինը առանձնացրեց գումարի խնդիրը: Ըստ նրա, երբ մարդիկ հասկանան, որ եթե մեծ գումարներ ներդնեն ոլորտում, հետո այդ գումարները հետ կստանան, խնդիրներ չեն լինի. «Արտակարգ շնորքով երիտասարդներ ունենք, մնում է միայն գումար ունենանք»:
Իսկ նոր տաղանդներ ծնվելու հարցը, ինչպես նա ասաց, կորոշի ժամանակը. «Ժամանակի հեռվից պետք է նայել այդ հարցին, ես հույս ունեմ, որ դեռ կլինեն տաղանդներ, ես լավատես եմ»:










