Հայ արվեստագետները մասնակցել են Վիլնյուսի «Մշակութային գիշեր» փառատոնին
Վիլնյուսում տեղի է ունեցել «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցել է նաև Հայաստանը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Արվեստի և մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի «Մշակութային գիշերը» դարձել է ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձնման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը:
Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն են ցուցադրել Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:
Հայաստանը այս փառատոնին ներկայացրել են «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, ինչպես նաև դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) «Տես քեզ հայերեն» նախագծով:
Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել հայ արվեստագետներին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:










