Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը Գյումրիում մագիստրատուրայի բաժին կբացի

14:02 • 10.07.13

Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբն այսօր հրավիրած ասուլիսին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում մագիստրատուրայի բաժին բացել։


«Մենք պատրաստվում ենք Գյումրիում իրականացնել մի ծրագիր, որը Եվրոպայի տարբեր գոտիներում արդեն ստեղծվել է, ըստ որի ՝ Գյումրիի կինոարվեստի ինստիտուտում կբացվի մագիստրատուրայի բաժին՝ առաջին և երկրորդ կուրսեր, որտեղ նաև վարպետության դասեր կկազմակերպվեն»,- ասաց նա։


Ըստ Ժան-Մարի Բարբի՝ բաժինը ստեղծելու համար երկու տարվա աշխատանք կպահանջվի։


Իսկ մինչ այդ, Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավարը խոսեց «Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովից», որն այս օրերին ընթանում է Երևանում։
 

 

Ժան-Մարի Բարբը տեղեկացրեց, որ ծրագրով 23 երիտասարդ ռեժիսոր է ընտրվել ու երկուսը հայ են։ «Անցյալ տարի երեք հայ սցենարիստներ ունեինք, և հույս ունեմ, որ հաջորդ տարի նրանց թիվն ավելին կինի։ Այդ նպատակով արդեն նոյեմբերին Գյումրիում գումարվելու է աշխատանքային խումբը, որը նախատեսվում է ընտրել երիտասարդ սցենարիստների աշխատանքը»,- նշեց նա և ավելացրեց, որ լավագույն սցենարներն ընտրում է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը։