Երգչուհի Անահիտ Շահբազյանը «Морской узел -2013»-ում արժանացել է «Գրան պրիի»

12:21 • 11.07.13

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում կայացած «Морской узел – 2013» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Գրան պրիին»: Երգչուհին այսօր հրավիրված ասուլիսին պատմեց, որ մրցույթը բաղկացած է եղել երկու փուլից, առաջին փուլն անց է կացվել առավոտյան, երկրորդը՝ երեկոյան:


«Բոլորիս համար տարօրինակ էր ու անսովոր, որ առավոտյան էր մրցույթը, քանի որ բոլոր երգիչները գիտեն, որ առավոտյան շատ դժվար է երգել: Բայց բոլորս էլ երգեցինք: Ես առավոտյան ներկայացրի սևամորթների հոգևոր երաժշտություն, իսկ երեկոյան կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Ծով» երգը: Այս երգը կարծես իմ այցեքարտն է դարձել»,- ասաց նա և հավելեց, որ վերջին երգը կատարել է նաև ռուսական «Славянский базар» մրցույթի ժամանակ:


Երգչուհին նշեց, որ առաջիկայում ցանկանում է մասնակցել «Նոր ալիք» մրցույթին, որին մի անգամ արդեն փորձել է մասնակցել, բայց դուրս է մնացել, քանի որ մրցույթի ռեժիսորը լավ ձայնից բացի հետաքրքիր շոուի պահանջ է ներկայացրել: Երգչուհին ցանկանում է նաև մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին:


Հարցին, թե ինչպես է պատրաստվում ինտեգրվել հայկական շոու-բիզնես, ասաց, որ դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ:


«Իմ պատկերացմամբ դա շատ մեծ գումար է, որի համար պետք է կողմնակի եկամուտ ունենալ, միայն տաղանդը բավական չէ: Բայց ուզում եմ ասել, որ եթե լսեք իմ հաջողությունների մասին, իմացեք, որ դրանք միայն բարոյական ճանապարհով են հասել»,-ասաց նա:


Լուսանկարը՝ bravo.am-ի