Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր մանկության մասին

11:40 • 11.07.13

Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կտրուկ փոփոխել է ոճը՝ վերածվելով սևահերի։ Նման քայլի նա դիմել է ամերիկյան W Magazine ամսագրի շապիկի նկարահանումների համար, որոնք անցկացվել են երգչուհու «մանկության հասցեում», գրում է ДНИ.ru-ն։

 

43-ամյա երգչուհին հիշել է բազմաթիվ դրվագներ իր անցյալից։ «Ես շատ էի հուզվում՝ ուղևորվելով այստեղ։ Ես այս տանը մեծացել եմ»,- պատմել է նա՝ ցույց տալով իր բնակարանը։ Եվ անմիջապես ժպիտով հավելել. «Իսկ ահա այս պատուհանից ես հետևում էի ճանապարհին և սպասում իմ ընկերոջը, որպեսզի վայրկենապես իջնեմ մուտքի մոտ»։

 

Մինչ 18 տարեկանը Լոպեսն այդ տանն ապրել է իր ծնողների և 2 քույրերի հետ։ «Մենք երեքս ապրում էինք նույն սենյակում։ Ես միջնեկն եմ, զբաղվում էի սպորտով և պարերով»,-ասել է նա։

 

Երբ երգչուհու մենեջեր Բենի Մեդինան հետաքրքրվել է, թե չի ցանկանում նա արդյոք բախել իր մանկության տան դուռը, Ջենիֆերն անմիջապես հրաժարվել է։ «Վերջին անգամ ես այստեղ եղել եմ, երբ մայրս և հայրս զանգահարեցին ինձ և ասացին, որ ամուսնալուծվում են 33 տարվա ամուսնությունից հետո։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ ես հուզվում էի, երբ գալիս էի այստեղ»,- ասել է Լոպեսը։

 

Երգչուհին հեռացել է հայրական տանից 18 տարեկանում։ «Ես օրերով մնում էի պարային ստուդիայում և չէի ցանկանում գնալ քոլեջ։ Իմ մայրը դեմ էր դրան, և ես հեռացա։ Ես գիշերում էի ստուդիայում։ Մայրիկիս ասում էի՝ «Պարն այն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել, դա այն է, ինչ ես պետք է անեմ»։ Մի քանի ամիս անց ես ստացա պարուսույցի աշխատանք Եվրոպայում։ Այնուհետև վերադարձա և տեղափոխվեցի Լոս Անջելես»,- պատմել է Լոպեսը։