Լավագույն երաժշտության համար «Օսկարի» թեկնածուները համատեղ համերգ կտան
Ամերիկյան կինոակադեմիան հաջորդ տարվանից սկսած ներդնում է հաճելի նորամուծություն. հեղինակավոր «Օսկար» մրցանակի շնորհումից մի քանի օր առաջ «երաժշտական» անվանակարգերում ներառված ստեղծագործությունները կենդանի կատարմամբ կհնչեն հատուկ համերգի ընթացքում։ Առաջին նման համերգը կկայանա Ռոյս Հոլ սրահում (Կալիֆոռնիա նահանգի համալսարան) փետրվարի 27-ին՝ «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունից 3 օր առաջ, գրում է filmpro.ru-ն։
Նվագախումբը կկատարի երաժշտական ստեղծագործություններ, որոնք հնչում են ֆիլմերում և որոնք առաջադրված են «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։
Չի բացառվում, որ կոմպոզիտորներից յուրաքանչյուրն անձամբ կմասնակցի իր աշխատանքների կատարմանը։ Բացի այդ, հեղինակները մի փոքր կշփվեն լսարանի հետ և կպատմեն երգերի ստեղծման պատմությունը։ Համերգին, ամենայն հավանականությամբ, կերգեն այն կատարողները, որոնք առաջադրված են «Օսկարի» «Լավագույն երգ» անվանակարգում։
«Այս համերգը կարևոր փուլ կլինի «Օսկարի» երաժշտական պատմության մեջ։ Մենք հույս ունենք, որ այս իրադարձությունը կդառնա ամենամյա»,- ասել են Ակադեմիայի երաժշտական բաժնի ներկայացուցիչները։










