«Ոսկե ծիրանը» մի շատ կարևոր առաքելություն է վերցրել իր վրա՝ կինոմթնոլորտի վերականգնումը. Վիգեն Չալդրանյանը
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հայկական համայնապատկեր» և «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգերում ներկայացված «Ձայն լռության» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն այսօր կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, թե «Ոսկե ծիրանը» մի շատ կարևոր առաքելություն է վերցրել իր վրա, դա կինոմթնոլորտի վերականգնումն է, որը վաղուց կորել էր։
Ռեժիսորը խոսեց եկող սերնդի ձգտումների մասին և ասաց. «Ես մի անթույլատրելի բան արեցի, հարցրեցի իմ ուսանողներին, թե անկեղծ ասեք, կա՞ մեկը, ով ուզում է երկրից գնալ, ոչ ոք ձեռք չբարձրացրեց, ես շատ ուրախ եմ դրա համար։ Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ գնան Եվրոպայում կրթվեն, բայց իրենց հմտությունները կիրառեն այստեղ»։
Ինչ վերաբերում է ֆիլմին և ֆիլմի դերակատարներին, Վիգեն Չալդրանյանը նշեց իր սկզբունքներից մեկը՝ դերն է ընտրում իր դերակատարին։
Ասուլիսին ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար Մարիամ Դավթյանը, ով խոսելով իր դերի մասին՝ ասաց, որ սիրում է իր մարմնավորած հերոսուհուն, և այդ հերոսուհին իրեն շատ հոգեհարազատ է։










