Վիտեբսկում մեկնարկում է «Славянский базар» երգի մրցույթը. Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը
Վիտեբսկում (Բելառուս) այսօր տեղի կունենա «Սլավյանսկի բազար» («Славянский базар») փառատոնի բացման արարողությունը։ Արվեստների 22-րդ միջազգային փառատոնի բացման մասին հանդիսավոր կերպով կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սլավյանսկի բազարը», որին մասնակցում է նաև Հայաստանը, ներառում է մոտ 60 միջոցառում, որոնք կանցկացվեն 13 հարթակներում, այդ թվում՝ 18 համերգ գլխավոր հարթակում՝ Ամառային ամֆիթատրոնի բեմում։
Ավանդական շաբաթվա փոխարեն, այս տարի փառատոնը կտևի 5 օր՝ հուլիսի 11-ից 15-ը։ Յուրաքանչյուր օրը խոստանում է լինել «տեղեկատվությամբ և համերգներով լի»։ Շեշտը կդրվի պատանիների և պրոֆեսիոնալ կատարողների երաժշտական մրցույթների վրա։ Բացի այդ, փառատոնի կազմակերպիչ երկրների՝ Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս, առանձին համերգների փոխարեն հուլիսի 12-ին կկայանա միասնական համերգ՝ «Բարեկամության համերգ. միացյալ պետությունը հրավիրում է» խորագրով։
Փառատոնին կմասնակցեն 31 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ մեր երկիրը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իսրայելը, Կուբան, Վենեսուելան։ Հայաստանն այս տարի կներկայացնի «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը։










