Իրական արվեստը բացակա իրականության տարբերակն է, որն այնքան համոզիչ է, որքան իրականությունը. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)

11:53 • 12.07.13

Համաշխարհային մշակույթում ունեցած բացառիկ վաստակի համար այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արտավազդ Փելեշյանին կհանձնվի «Ոսկե Ծիրան»-ի համար Մայր Աթոռի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը։


Իսկ կինոփառատոնի 5-րդ օրը նվիրված էր վարպետին։ Երեկոյան ցուցադրվեցին նրա ֆիլմերը՝ «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» և «Կյանք», որից հետո վարպետը պատասխանեց նաև իր արվեստի երկրպագուների հարցերին։


Մինչ հարցերին անդրադառնալը Փելեշյանը նշեց, որ սրանք իր այն ֆիլմերն են, որոնք նկարահանել է երիտասարդ տարիներին ու իրեն հատուկ հումորով հավելեց. «Այն ժամանակ երիտասարդ էի, լավ մազեր ունեի, բայց սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»:


Հարցին, թե՝ երբ նոր ֆիլմ կլինի, Փելեշյանը պատասխանը կարճեց. «Երբ որ լինի»։


Արվեստագետի բնորոշմամբ՝ իրական արվեստն այն է, երբ ինքդ ազատվում ես քեզանից։ «Իսկական արվեստն այն է, երբ ինքդ ազատվում ես քեզանից։ Դա է արվեստը, որը բացակա իրականության տարբերակն է, որն այնքան համոզիչ է, որքան իրականությունը»,- արվեստի իր ընկալումը մեկնեց նա։


Վարպետը պատմեց, թե ինչպես է արարել իր ֆիլմերը՝ առանց նախնական բեմադրության. «Ընտրել եմ վիճակը, տեղը և մտածել եմ, որ տեղը կթելադրի մարդկանց գործել այնպես, ինչպես ես եմ ուզում և այդպես էլ եղել է»։


Փելեշյանին դուր չեկավ հարցը, թե նրա ստեղծածը հայկական, ազգային կինո՞ է։ «Ի՞նչ է նշանակում հայկական կինո, քո կարծիքով ես հա՞յ եմ»,- հարցրեց նա։ «Անշուշտ»,- եղավ պատասխանը։ «Դե վերջ»,- հարցը փակեց վարպետը։


Լրագրողներից մեկի հարցին, թե՝ վարպետի ֆիլմերում բառերը բացակայում են, հնարավո՞ր է գա մի ժամանակ, որ կինոյում բառերն իրենց սպառեն, պատասխանեց. «Չէ այդպես չի, բառեր չկան, որովհետև դրա կարիքը չի եղել, բայց բառերը շատ կարևոր են։ Գիտե՞ք ինչի ես չեմ օգտագործել բառեր, որովհետև բառ օգտագործելը պահանջում է պատկերի տևողություն, ինչքան կտևի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն, դրա համար հրաժարվել եմ։ Բառերը կաշկանդում են կերպար ստեղծել։ Ձայները, պատկերը, աղմուկը երաժշտությունն ավելի շատ են խոսում, քան բառերը։ Օգտագործելով աղմուկ, պատկեր, ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ֆիլմի շուրջը, ոչ թե տվյալ հատվածի շուրջը»։


Իսկ ըստ ռեժիսորի ո՞րն է 21-րդ դարի առաջին տասնամյակի նվաճումը, պատասխանեց. «Որ կենդանի ենք մնացել»։


Փելեշյանը նաև խոսեց իր ֆիլմում ամեն անգամ նոր բան հայտնաբերելու գաղտնիքի մասին։ «Ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ դա։ Ինչքան էլ աբսուրդ թվա, դա իրականություն է, ես մոնտաժ եմ անում նաև բացակա պատկերները, դա է, պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ ֆիլմերը տեսնելիս նոր բան եք տեսնում։ Հետևաբար ֆիլմի կեսում պատկերները բացակա են, բայց մոնտաժի շնորհիվ դրանք ենթագիտակցության մեջ ներկա են։ Իսկական բացակայության մասին է խոսքը»,- ասաց նա։


Հարցին, թե մտադրություն կա վերադառնալ և հաստատվել հայրենիքում, պատասխանեց. «Երևի կա, տեսնենք»։