Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը
Երևանի Ազատության հրապարակում այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքից հետո տեղի է ունեցել երթ, որի ժամանակ բերման է ենթարկվել Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, տեղեկացնում է 168.am կայքը։
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ երթը կասեցրել են ոստիկանները, որից հետո Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթն անօրինական է:
Գարեգին Չուգասզյանը բերման է ենթարկվել Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ։ Նա տեղափոխվել է ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք:
Այս տեղեկությունը կայքի հետ հեռախոսազրույցում հաստատել է ինքը Չուգասզյանը: «Ես հիմա չգիտեմ իմ կարգավիճակը, բայց հիմա ոստիկանության Կենտրոնի բաժնում եմ»,- ասել է նա։
«Ես չգիտեմ` ինչ հիմքով են ինձ այստեղ բերել, որովհետև ինձ ոչինչ չի ասվել: Ինձ նստեցրել են մեքենան և բերել են այստեղ»,- ավելացրել է Գարեգին Չուգասզյանը:










