Լոս Անջելեսում աճուրդի կհանվեն Մերիլին Մոնրոյի չհրապարակված լուսանկարները
Լուսանկարիչ Միլթոն Գրինի արխիվից Մերիլին Մոնրոյի 3.700 սև ու սպիտակ և գունավոր լուսանկարներ Լոս Անջելեսում (ԱՄՆ) կհանվեն աճուրդի։ Դա Գրինի 75.000 «աստղային» լուսանկարների մի մասն է, որոնք արվել են 1950-60-ական թվականներին։ Բոլոր նկարները կվաճառվեն հեղինակային իրավունքի հետ։ Փորձագետները նման ակցիան անվանում են աննախադեպ, գրում է ИТАР-ТАСС-ը։
«Միլթոն Գրինն անփոխարինելի լուսանկարիչ էր։ Նրան կարող էին զանգահարել Life, Harpers, Vogue ամսագրերից և ասել, որ իրենց շապիկի համար լուսանկար է անհրաժեշտ։ Նա անում էր 400 կադր, որոնցից ընտրվում էր մեկը։ Մյուս 399-ը մնում էին նրա անձնական արխիվում, և այլևս ոչ ոք չէր տեսնում դրանք։ Բոլոր կադրերի 95%-ը երբեք չէին ներկայացվում հանրությանը»,- պատմել է աճուրդի կազմակերպիչ Ջո Մադալենան։
Նմուշներն աճուրդի կհանվեն հուլիսի 27-ին Լոս Անջելեսում և համացանցում։ Կվաճառվեն նաև Ջեյն Ֆոնդայի, Օդրի Հեփբերնի և Մարլեն Դիտրիխի լուսանկարները։










