Փոլ Գրիգորյանը ընտրվել է Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհրդի նախագահ
Ամերիկահայ քաղաքական գործիչ Փոլ Գրիգորյանը ընտրվել է Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհրդի նախագահ:
Ինչպես հաղորդում է ամերիկյան The Burbank Leader պարբերականը, Խորհրդի անդամները նման որոշում կայացրել են հուլիսի 11-ի նիստի ժամանակ. Գրիգորյանի տեղակալ է ընտրվել Բերբանկի քաղաքային խորհրդի անդամ Ջես Թալամանթեսը:
Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհուրդը ստեղծվել է երկու տարի առաջ և ներառում է Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ, Լոս Աջելես, Բերբանկ, Սան Ֆեռնանդո և Սանտա Կլարիտա քաղաքները (մտնում են Սան Ֆեռնանդոյի հովտի տարածքում): Կառույցը զբաղվում է իր կազմի մեջ մտնող քաղաքների ջրօգտագործման, տրանսպորտային, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հարցերով, այդ ոլորտներում առկա խնդիրների առնչությամբ ռազմավարական ծրագրերի մշակմամբ:
Փոլ Գրիգորյանը ծնվել է 1960թ-ին, Կալիֆոռնիայի Սան Ֆեռնանդո քաղաքում: Հայի ժառանգ Փոլը ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը (Քաղաքագիտության բակալավրի աստիճան), ապա Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Իրավաբանական դպրոցը, 2006-2009թթ. եղել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Ասամբլեայի անդամ: Նա Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է Կալիֆոռնիայում հայտնի հայ քաղաքական գործիչ, Գլենդեյլի քաղաքային խորհրդի (համարժեք է Հայաստանի ավագանու ինստիտուտին-Tert.am) անդամ Արա Նաջարյանին:
Գրիգորյանը ներկայում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է:










