Ռուսական իշխանությունները շփում չունեն Սնոուդենի հետ. Սերգեյ Լավրով

13:53 • 13.07.13

Ռուսական իշխանությունները շփում չունեն Էդվարդ Սնոուդենի հետ. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Լավրովի խոսքերով՝ այն հարցերը, որոնք ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը քննարկել է Շերեմետևո օդանավակայանում ռուս իրավապաշտպանների հետ, «լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով և ինքը դրանց հետ ծանոթացել է այնպես, ինչպես մնացածը»։


Նախարարն ընդգծել է, որ քաղաքական ապաստան ստանալը Ռուսաստանում հատուկ գործընթաց է ենթադրում, որի առաջին քայլը Դաշնային միգրացիոն ծառայությանը դիմելն է։


«ԿՀՎ նախկին աշխատակիցը դեռ չի դիմել Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու խնդրանքով»,- հաղորդել է Միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Զալինա Կորնիլովան։ «Սնոուդենից փաստաթղթեր դեռևս չենք ստացել»,- ընդգծել են գերատեսչությունում։


Հիշեցնենք, որ երեկ Շերեմետևա օդանավակայանի տրանզիտային գոտում բանակցություններ են տեղի ունեցել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի և իրավապաշտպանների միջև։
 

Քննարկման հիմնական հարցերից մեկը եղել է Սնոուդենի խնդրանքը՝ Ռուսաստանում ժամանակավոր քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ։