Նալբանդյանը և Մամեդյարովը վերահաստատել են կողմերի միջև լարվածությունը թուլացնելու հանձնառությունը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելուց հետո տարածել են հայտարարություն, որով ամփոփել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում 2013թ. հունիս և հուլիս ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ անցկացրած հանդիպումների արդյունքները:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից` Օsce.org-ից, հայտարարությունում մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հունիսին և հուլիսին կազմակերպել են մի շարք հանդիպումներ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը խթանելու համար:
Նրանք հունիսի 6-ին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 28-ին, Փարիզում (Ֆրանսիա)՝ Հայաստանի արտգործնախարար Էդվար Նալբանդանի հետ:
Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումները՝ ուշադրությունը կենտրոնացնելով կողմերի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու և այս տարի երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցի վրա: Հուլիսի 12-ին կայացած համատեղ հանդիպման ժամանակ էլ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են վերոհիշյալ նպատակներն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը և քննարկել են առաջիկա ամիսներին բանակցություններ անցկացնելու ծրագրերը: Համանախագահներն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպաններին տեղեկացրել են հանդիպումների արդյունքների մասին»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժան մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ: 1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ են ընթանում:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ժակ Ֆոր (Ֆրանսիա) և Յան Քելի (ԱՄՆ) մասնակցությամբ, անցկացվել է Լեհաստանի Կրակով քաղաքում, 2013թ. մայիսին:










