Մորալեսը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ իր կյանքը փրկելու համար

14:22 • 13.07.13

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երախտագիտություն է հայտնել Ավստրայի նախագահին՝ իր կյանքը փրկելու համար. տեղեկացնում է Взгляд-ը։
 

«Սնոուդենը ճանճ չէր, որ կարողանար թռչել ինքնաթիռով, ոչ էլ մի տուփ ծխախոտ, որ հնարավոր լիներ խցկել ինքնաթիռ։ Ինչպե՞ս են նրանք ասում, որ Էվոն նրան իր հետ է տարել։ Կարծում եմ՝ արգելքի նպատակն ինձ ոչնչացնելն էր»,-ասել է նա։
 

Չնայած դրան՝ Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ զայրույթ չի զգում միջադեպի կապակցությամբ։


Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը, որը երկինք էր բարձրացել Մոսկվայից, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան անսպասելիորեն թույլ չէին տվել թռչել իրենց երկրի օդային տարածքով՝ ենթադրելով, որ ինքնաթիռում է նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։


Եվրոպական երկրների նման պահվածքը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել Բոլիվիայում, և ցույցերի ընթացքում ցուցարարներն այրել էին ԱՄՆ-ի և այս եվրոպական երկրների դրոշները։