Զիմբաբվեի հիվանդանոցներում ծննդաբերող կանանց յուրաքանչյուր տնքոցի համար տուգանում են 5 դոլար
Զիմբաբվեում կոռուպցիան դարձել է այնքան սովորական բան, որ երկրի հիվանդանոցներից մեկում ծննդաբերության ժամանակ արձակած տնքոցների համար «հարկ» են նշանակել: Յուրաքանչյուր անգամ, երբ կինը ցավից գոռում է, նա ստիպված է լինում բժիշկներին հավելյալ 5 դոլար վճարել, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Washington Post-ին:
Ըստ Transparency International-ի հետազոտության տվյալների, աֆրիկյան այս երկրի բնակչության 62%-ը խոստովանել է, որ անցյալ տարի իրենք ստիպված են եղել կաշառքներ տալ: Կազմակերպությունը նաև պարզել է, որ Զիմբաբվեի որոշ հիվանդանոցներում սահմանված է, այսպես կոչված, «տնքոցի հարկ»:
Հիվանդանոցների բժիշկները նշում են, որ նման միջոցառումները ձեռնարկվել են, որպեսզի նվազեցնեն «կեղծ ահազանգների» քանակը, սակայն բոլորին հասկանալի է, որ սա գումար աշխատելու հերթական միջոցն է:
Աֆրիկայի ամենաաղքատ պետություններից մեկում միջին աշխատավարձը կազմում է մոտ 150 դոլար: Դրան զուգահեռ ծննդաբերող կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար հիվանդանոցներում պահանջում են 50 դոլար, ինչի արդյունքում ստացվում է, որ ծննդաբերության արդյունքում կանայք ստիպված են լինում ծախսել իրենց տարեկան եկամուտի մոտ կեսը:
Transparency International-ում նշում են, որ կանայք, ովքեր չեն կարողանում ժամանակին վճարել «հարկը», հետագայում ստիպված են լինում տոկոսներ վճարել: Այս ամենի պատճառով Զիմբաբվեում նախընտրում են ծննդաբերել տանը, ինչը հաճախ ավարտվում է դժբախտությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Զիմբաբվեում ամեն օր ծննդաբերության հետևանքով միջինում մահանում է 8 կին:










