Եգիպտոսի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

11:47 • 14.07.13

Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ քրեական հետապնդում սկսելու մասին։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

 

Դատախազության ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մուրսիից բացի հետաքննություն կտարվի նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 8 անդամի նկատմամբ, ներառյալ՝ կազմակերպության առաջնորդ Մուհամեդ Բադիայի։ Հայցվորների ինքնությունը չի բացահայտվում։

 

Եգիպտոսը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Երկրի բանակը հուլիսի սկզբներին հայտարարել էր նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնից հեռացնելու մասին։ Երկրի ժամանակավոր նախագահն է դարձել Ադլի Մանսուրը։

 

Մուրսիի կողմնակիցները կոչ են արել չդադարեցնել բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև Մուրսին վերադառնա իր աթոռին։