Ջենիֆեր Լոպեսին մեղադրել են ագահության համար

12:00 • 14.07.13

The Hollywood Reporter ամսագիրը մեղադրել է հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին ագահության համար։ Human Rights Foundation իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ նա մոտ 10 մլն դոլար է վաստակել «նախկին խորհրդային հանրապետությունների հանցագործների և բռնապետերի համար սերենադներ երգելով», գրում է loveradio.ru-ն։

 

Փաստաթղթում, մասնավորապես, հիշատակվում է Լոպեսի ելույթը Թուրքմենստանում, որի համար նա ստիպված է եղել ներողություն խնդրել։ «Խոսքը տվյալ դեպքում ոչ թե անտեղյակության մասին է, այլ ագահության»,- եզրակացություններ է անում կազմակերպության նախագահ Թոր Հալվորսենը։

 

Կարողությունը, որը գնահատվում է 10 մլն դոլար, երգչուհին կուտակել է Ուզբեկստանի օլիգարխներից մեկի որդու հարսանիքին (1 մլն դոլար), ռուս օլիգարխի ծննդյան օրը (2.5 մլն դոլար) և այլ կորպորատիվ և փակ համերգների ընթացքում, որոնք տեղի են ունեցել նախկին ԽՍՀՄ տարածքում։

 

Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին, օրինակ, Լոպեսը 2.5 մլն դոլարի դիմաց ելույթ է ունեցել Բաքվում FIFA-ի  ֆուտբոլային մրցաշարի բացմանը, որի ժամանակ էլ հանդիպել է, ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանի բռնակալ նախագահի կնոջ հետ։

«Ամենայն հավանականությամբ, երգչուհու համար առաջին տեղում են ֆինանսները, և միայն հետո պարկեշտությունը և հարցի բարոյական կողմը»,- նշել են իրավապաշտպանները։