Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2013թ չորրորդ փուլի բացումը

16:19 • 15.07.13

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի չորրորդ փուլի բացումը, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նշել է, որ «Արի տունը» նրանց հնարավորություն է ընձեռել տեսնել Հայաստանը, լինել Հայրենիքում, ընկերներ գտնել ու լինել հավերժ կապված Հայաստանին:

«Խորին շնորհակալություն բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ծրագրի կազմակերպիչներին, Սփյուռքի կառույցներին, դպրոցներին, ծնողներին, ովքեր նպաստեցին, որ դուք Հայաստանում 14 հրաշալի օր անցկացնեք»,– ասել է նա:


«Շնորհակալություն քաղաքապետարանին, մարզերի ղեկավարներին: Հատուկ շնորհակալություն բժիշկներին, որոնք այս 14 օրը պետք է անգործ մնան, քանի որ դուք պետք է առողջ ու առույգ լինեք: Այս օրերի ընթացքում դուք կբարեկամանաք ու կընկերանաք իրար հետ, Հայաստանից կհեռանաք նոր զգացումներով ու մտքերով, որ նորից պետք է գաք Հայաստան»,– ավելացրեցրել է նախարարը։
 

Հրանուշ Հակոբյանը հատուկ ողջունել է առաջին անգամ ծրագրին մասնակցող այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր եկել են Իրաքից, նաև՝ Նիդեռլանդներից, Լատվիայից, Բելգիայից, Բելառուսից, Արգենտինայից, Սիրիայից, Ռուսաստանից ու Վրաստանից եկած երեխաներին:

 

Ելույթ է ունեցել Թբիլիսիի Մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարախումբը:
 

Ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից: