Եկել եմ ամբողջ թափով խաղալու. Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր «Ամեն երկուշաբթի» ներկայացումը
Երգիծաբան Վարդան Պետրոսյանը հուլիսի 29-ից սկսած ամեն երկուշաբթի կխաղա «Ամեն երկուշաբթի» ներկայացումը, որը կներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի հանդիսատես, այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Եկել եմ թևերս քշտած, ամբողջ թափով խաղալու, ինչքան գան, այնքան կխաղամ: Այսօր մերոնք շատ գոտեպնդման կարիք ունեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ներկայացման վերնագրին՝ նա նշեց, որ այն փնտրված ու գտնված է, քանի որ ինքը բացահայտել է, որ երկուշաբթին շատ լավ օր է՝ նոր բանի սկիզբ:
«Ես միշտ աշխատել եմ խոհափիլիսոփայական վերնագրեր դնել ներկայացումներին: Բայց երկուշաբթին ասում են՝ թատրոնի օր չէ, բայց ես տասնյակ տարիների ընթացքում երկուշաբթի օրերին խաղացել եմ: Ու ես սկսեցի սիրել երկուշաբթին, հասկացա, որ շատ լավ օր է, նոր բան սկսելու օր է: Ոչ մեկը ծխելը, խմելը չի թողնում կիրակի, կանայք նիհարել սկսում են երկուշաբթի: Փափուկ լավ ներկայացում է, զրույց է մեզ հուզող հարցերի շուրջ»,-ասաց նա:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը երկար է մտածել, թե ինչ խաղա, նույնիսկ շուրջ մեկ ամիս ոչ մի բառ չի գրել, քանի որ այն, ինչ գրել է մինչ այդ, հասկացել է, որ դա նույնիսկ ինքը չի ցանկանա տեսնել:
«Գարնանը էստեղ լինելը ինձ շատ օգնեց, հեռվից միշտ զգացել եմ ինչ է կատարվել, բայց հիմա ես շատ ավելի լավ զգացի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ նախագահ Սերժ Սարգսյանի նմանակումը ներկայացման մեջ չի լինի, թեև որոշ տողերում նրանց հանդիսատեսը, այդուհանդերձ, կհանդիպի։
«Բայց սա ավելի շուտ ստեղծված իրավիճակից ելքի փնտրտուք է։ Անհնար է չանդրադառնալ մեր հոգսերին, դա կլիներ փախուստ ինքս ինձնից, ինչպես չխոսեմ այն մասին, ինչի մասին պետք է խոսեմ: Այս անգամ զարմանալի ձև եմ գտել: Ամբողջ քաղաքականությունը առանց քաղաքականության»,-ասաց նա:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ այս անգամ ներկայացումը շատ երաժշտական է լինելու և փոփոխվելու է ամեն երկուշաբթի, քանի որ ամեն անգամ տարբեր հյուր է կանչվելու բեմ:










