Վարդան Պետրոսյանը՝ հայ հասարակության հետընտրական հուսախաբության և իր «միամիտ հույսերի» մասին
2013թ-ի ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած գործընթացներից հետո հասարակության մեծ մասն ընկավ հիասթափության, հուսախաբության մեջ, իսկ հասարակության մի փոքր մասն էլ հակառակը՝ ավելի սկսեց լրջանալ ու փնտրել ելքեր, լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք այսօր հայտնեց դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանրահավաքներին ունեցած իր ելույթներին ու քաղաքական գործընթացներին:
«Ինձ թվում է, երբ ելք փնտրելու պահանջարկ կա, շատ բաներ դառնում են վտանգավոր, որովհետև մարդը ճարահատ սկսում է ելք փնտրել: Այսպիսի մի ելք էլ ես եմ փնտրել թատրոնում: Բայց հասարակության մեծ մասը ընկավ հերթական հուսախաբության մեջ, և դրա արդյունքում մենք տեսնում ենք այն մեծ արտագաղթը, որը և սպասում էինք: Իմ կարծիքով, նույնիսկ թվերը գերազանցում են սպասումները»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը, միգուցե, միամտաբար կարծել է, որ ընտրություններից հետո մինչև ՀՀ նախագահի երդմնակալությունը ընկած ժամանակահատվածը պետք է օգտագործվեր ու ամեն ինչ արվեր, որ համախմբվեին քաղաքական ուժերը:
«Ես դրա հույսը իրոք ունեցել եմ: Բայց թե ինչու չստացվեց, սա արդեն իրենց գործն է: Ես շատ ծանր տարա մի բան. դեռ էստեղ էի, ապրիլի 24-ն էր, բոլորս գնում էինք Ցեղասպանության հուշահամալիր, և արդեն մոտենում էին մայիսյան քաղաքապետի ընտրությունները: Ապրիլի 25-ին կարծես խոսքները մեկ հանկարծ ընդդիմության բոլոր ճյուղերը սկսեցին իրար հայհոյել կամ իրար վրա ցեխ քսել: Ես շատ ծանր դա տարա, քանի որ կարծում էի, որ պետք է հակառակ պրոցես տեղի ունենա: Եվ կարծում եմ, որ դրա հնարավորությունները կային, թեև գուցե միամտաբար եմ կարծել»,-ասաց նա և նշեց, որ միգուցե քաղաքականությունը շատ ավելի բազմաշերտ բան է, քան ինքն է կարծում:
Այնուհետև Վարդան Պետրոսյանը բացատրեց հետընտրական զարգացումների ընթացքում Հայաստան գալու ու հանրահավաքներին իր մասնակցելու դրդապատճառները:
«Ես ինտերնետով անընդհատ տեսնում էի հավաքվածների դեմքերը, և ինձ սարսափելի ընկճեց այն մարդկանց կեցվածքը, որ կանգնել էին հրապարակում: Իրենք հուսահատ գնացել էին ու իրենց ընտրությունը կատարել էին: Ես եկա մարդկանց կողքին գտնվելու համար: Ինձ համար շատ կարևոր էր դա: Բայց գալ ու հրապարակում լինել թաքնված ու ասել, որ ես ձեր կողքին եմ, ճիշտ չէր լինի այն մարդու համար, որը հասարակության շատ մարդկանց կողմից ճանաչված է:Ես բարձրացա հարթակ ու ասացի, որ ես ձեր կողքին եմ: Չգիտեմ, ինչքան կարողացա, այնքան արեցի»,- ասաց նա:
Հարցին, թե ըստ իրեն ո՞րն էր Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը, նա պատասխանեց, որ դա արդեն քաղաքական վերլուծաբանների գործն է, բայց շեշտեց, որ ինքը վերջինիս հացադուլի երկրորդ օրը երիտասարդերի հետ երգել է Ազատության հրապարակում՝ ցույց տալու, որ որևէ վախենալու բան չկա:










