Բրիտանական հրատարակչության ղեկավարը խոստովանել է, որ հրաժարվել է տպագրել Ջոան Ռոուլինգի դետեկտիվը
Բրիտանական Orion Publishing հրատարակչության ղեկավար Քեյթ Միլզը հայտնել է, որ հրաժարվել է տպագրել Ջոան Ռոուլինգի՝ Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ գրված դետեկտիվը, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով The Independent-ին։
Միլզը նշել է, որ չի բացառում, որ գրքից, չիմանալով նրա իրական հեղինակին, հրաժարվել են նաև այլ հրատարակիչներ։
«Վեպն ինձ թվաց լավ գրված, սակայն ինձ ոչինչ դրանում չհուզեց»,- ասել է Միլզը՝ նշելով, որ նոր հեղինակների դետեկտիվները վերջին շրջանում հեշտ չէ հրատարակել։
Այն մասին, որ 2013թ. ապրիլին լույս տեսած «The Cuckoo’s Calling» դետեկտիվի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, հայտնի է դարձել հուլիսի 14-ին։ Մինչ այդ, այդ մասին գիտեին միայն Ռոուլինգը և նրա հրատարակիչ Դևիդ Շելին։ Համաձայն հրատարակչության տարածած լեգենդի՝ Գելբրեյթը նախկին զինծառայող է, որն աշխատում է մասնավոր անվտանգության կառույցներում։










