Նրանք, ովքեր կարծում են, որ մեր հումորը «գոտկատեղից ներքև» է, 2.5 հաղորդում են դիտել. Գարիկ Մարտիրոսյան

12:58 • 17.07.13

Լատվիայի Dzintari համերգային սրահում հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը կնշվի Comedy Club հումորային ծրագրի 10-ամյակը՝ ծրագրի անդամների և բազմաթիվ հայտնի հյուրերի մասնակցությամբ, հայտնում է DELFI լրատվական պորտալը։

 

Միջոցառումից առաջ պորտալին հաջողվել է զրուցել սիրված և ճանաչված  հեռուստահաղորդավար, Comedy Club հումորային ծրագրի «ռեզիդենտ» և գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանի հետ, որը պատմել է ծրագրի հոբելյանի, կանանց հանդեպ ունեցած վերաբերմունքի, հայկական հումորի մասին։

 

«Մեր միջոցառումը բոլորն անվանում են փառատոն, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ։ Պարզապես մենք որոշել ենք այդպես տոնել մեր 10-ամյակը՝ TНТ հեռուստաալիքի աստղերի (որով հեռարձակվում է ծրագիրը), մեր ընկերների, հանդիսատեսի հետ։ Ավելի շուտ դա կլինի հումորային- երաժշտական միջոցառում։ Սովորաբար, մարդիկ ծննդյան օրը նշում են մեկ օր, բայց քանի որ մենք շատ ենք, որոշել ենք նշել այն 5 օր»,- նշել է Գարիկը։

 

Հարցազրույցի ժամանակ նա խոսել է սիրո, ատելության և գումարի մասին։ Շոումենը նշել է, որ իր համար անհասկանալի է այն կարծիքը, թե Comedy Club-ը գոյություն ունի միայն փող աշխատելու համար։

«Դա բացարձակ հիմարություն է։ Գումարները, որոնք աշխատում ենք, չափազանց մեծ դժվարությամբ են տրվում։ Մենք ազնվորեն ենք գումար վաստակում։ Փողին պետք է հարգալից վերաբերվել, ինչպես սեփական, այնպես էլ՝ ուրիշների։ Եթե մարդը մի բան լավ է անում, դա ենթադրում է ֆինանսական պարգևատրում՝ աշխատավարձ, հոնորար և այլն»,-ասել է նա։

 

Գարիկը նշել է, որ իրենք չեն ձգտում, որ իրենց սիրեն բոլորը և անհարմարություն չեն զգում, երբ որևէ մեկը քննադատում է իրենց։ Դա նորմալ է։ Ավելին, ըստ նրա, դա ինչ-որ չափով որակի նշան է, երբ քեզ շատ են սիրում, կամ շատ ատում։

Իր պատմության ընթացքում Comedy Club-ը թողարկել է մոտ 400 հաղորդում։

«Նրանք, ովքեր ասում են, որ մեր հումորը «գոտկատեղից ներքև է», 2.5 հաղորդում են դիտել։ Ես չեմ էլ հասկանում, թե ինչ է «գոտկատեղից ներքև հումորը»։ Հումորը կամ կա, կամ բացարձակ չկա»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը։

 

Խոսելով հայերի, հայկական հումորի և երեխաների մասին՝ նա ասել է, որ կարոտում է Երևանը։ Նրա կարծիքով՝ անարդարացի կլիներ ասել, որ չկան այնպիսի հայ տղամարդիկ, որոնք չունեն հումորի զգացում։

Կատակել, թեթև վերաբերվել կյանքին, լինել կենսուրախ և լավատես... Չնայած Հայաստանի պատմության բավականին շատ մռայլ էջերին՝ հայերը երբեք չեն կորցնում ոգու տոկունությունը։
 

«Իմ կարծիքով՝ երեխաներս պետք է տիրապետեն հայոց լեզվին, կարողանան գրել և կարդալ։ Տղաս դեռ շատ փոքր է, իսկ աղջիկս հասկանում, խոսում, կատակում և երգում է հայերեն»,- պատմել է Գարիկը։

 

Երևանում շատ հարգալից են վերաբերվում կանանց։ Մայրն ընտանիքում հատուկ տեղ է զբաղեցնում, ինչպես և տատիկը, քույրը, կինը։ «Եվ իմ անձնական կարծիքը հետևյալն է՝ կանանց պետք է ավելի հարգալից վերաբերվել, քան տղամարդկանց»,- նշել է նա։