Ջոխար Ցարնաևի լուսանկարը հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին
Ամերիկյան Rolling Stone ամսագիրն իր նոր համարը նվիրել է Բոստոնում ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվող Ջոխար Ցարնաևին, հայտնում է gazeta.ru-ն։ Օգոստոսյան համարի շապիկին է հայտնվել Ցարնաևի լուսանկարը, իսկ անոնսում ընթերցողներին խոստանում են բացատրել, թե «ինչու հեռանկարային և խոստումնալից ուսանողին «քաշեց» ընտանիքը, ինչպես նա դիմեց ծայրահեղ իսլամի և դարձավ հրեշ»։
Հոդվածագիրը Ջանեթ Ռեյթմանն է։ Հաղորդվում է, որ 2 ամսվա ընթացքում լրագրողը տասնյակ հարցազրույցներ է վարել, այդ թվում՝ նրա ընկերների, ուսուցիչների, հարևանների և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ։ Հոդվածը վերնագրվել է՝ «Ջոխարի աշխարհը»։
Այս հանգամանքը, ինչպես նշում է The Huffington Post-ը, բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել սոցցանցերում։ Մասնավորապես, օգտատերերը մեղադրել են Rolling Stone-ին Ցարնաևի կերպարի «գլամուրիզացիայի» համար։










