100 մլն եվրոյի մոխիր. Ռոտերդամի թանգարանից գողացված կտավները հավանաբար այրվել են

18:25 • 17.07.13

Լուսանկարում՝ Մատիսի կտավը

 

Նիդեռլանդների «Կյունստհալ» (Kunsthal) թանգարանից գողացված կտավները, որոնք պատկանում են Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պոլ Գոգենի և Կլոդ Մոնեի վրձնին, հնարավոր է այրված լինեն: Ներկայում Ռումինիայի պատմության ազգային թանգարանի փորձագետներն ուսումնասիրում են կտավների գողության համար կասկածվողներից մեկի մոր վառարանում հայտնաբերված մոխիրը, հայտնում է РИА Новости-ն՝ Associated Press-ին հղումով:

 

Անցյալ տարվա հոկտեմբերին Նիդեռլանդների թանգարանից անհետացել էին Պիկասոյի «Ծաղրածուի գլուխը», Մատիսի «Ընթերցող աղջիկը», Մոնեի «Վաթերլոոյի կամուրջը», «Չարինգ-Քրոս կամուրջը», Պոլ Գոգենի «Կինը՝ բաց պատուհանի առջև», Մեյեր դե Հանի «Ինքնադիմանկարը» և Լյուսյեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»:

 

Բուխարեստում 7 կտավների գողության գործով ձերբակալվել էին Ռումինիայի երեք քաղաքացիներ: Նրանցից մեկի մայրը պատմել է, որ նա մոտակա գերեզմանատներից մեկում նախ հողին է պահ տվել կտավները, այնուհետ այրել դրանք:

 

Տարեսկզբին Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել էր, որ 100 մլն եվրո ընդհանուր արժողությամբ յոթ կտավներից և ոչ մեկը չի հայտնաբերվել: