Սթիվի Ուանդերը մտադիր է բոյկոտել Ֆլորիդան՝ դեռահասի սպանած պարեկին արդարացնելու պատճառով
Ամերիկացի հանրահայտ երաժիշտ Սթիվի Ուանդերը հայտարարել է, որ կբոյկոտի Ֆլորիդա նահանգը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ նահանգի դատարանն արդարացրել է պարեկ Ջորջ Ցիմերմանին սևամորթ դեռահասի սպանության գործով։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։
«Ես որոշել եմ ելույթ չունենալ Ֆլորիդա նահանգում այնքան ժամանակ, քանի դեռ ինքնապաշտպանության վերաբերյալ վիճահարույց օրենքն այնտեղ գործում է»,-ասել է լեգենդար երաժիշտը։
Ցիմերմանը գնդակահարել է սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարթինին 2012թ. փետրվարին։ Մեղադրյալի խոսքով՝ դեռահասի պահվածքն իրեն կասկածելի է թվացել ու ինքը որոշել է 911 ծառայություն զանգահարել։ Սակայն այդ պահին դեռահասը հարձակվել է նրա վրա ու սկսել ծեծել, ինչից հետո պարեկը հանել է ատրճանակն ու կրակել տղային։
Ֆլորիդայի դատարանն արդարացրել է Ցիմերմանին, սակայն այս դատավճռից դժգոհ մնացածները շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել։ Դատավճռի անարդարացիության վերաբերյալ սոցցանցերում իրենց մտահոգություն են հայտնել նաև հանրահայտ սևամորթ երգչուհիներ Բեյոնսեն ու Ռիհանան։











