Ամերիկահայ երգիչ-երաժիշտ Սիբու Սիմոնյանի տեսահոլովակը ներկայացվել է MTV Video Music Awards-ի երկու անվանակարգում
Ամերիկյան Capital Cities երաժշտական խմբի (երաժիշտ-կատարողներն են՝ ամերիկահայ Սիբու Սիմոնյանը և ամերիկացի Ռայան Մերչանթը) Safe and Sound («Ապահով և հուսալի») երգի տեսահոլավակը ներկայացվել է ամերիկյան հեղինակավոր MTV Video Music Awards մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, օգոստոսի 25-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայանալիք մրցանակաբաշխության արարողության ժանանակ Safe and Sound-ի տեսահոլովակը պայքարելու է «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն (նկարահանման) հատուկ էֆեկտներ» մրցանակների համար:
Capital Cities (թարգմանաբար՝ «Մայրաքաղաքներ») փոփ խումբը ստեղծվել է 2009թ., հիմնադիրները հենց կատարող երաժիշտներն են՝ Սիմոնյանը և Մերչանթը: Նրանց ամենահայտնի երգը Safe and Sound-ն է՝ սիրո մասին, որը թողարկվել է 2011 թ-ին և պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել ամերիկյան և եվրոպական հայտնի հիթ-շքերթներում:
Ամերիկյան MTV երաժշտական-ժամանցային հեռուստաալիքի կողմից անցկացվող Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1984 թ-ին և գնահատում է (հեռուստադիտողի քվեարկության միջոցով) ամերիկացի բազմաոճ երաժիշտների, երգիչների ստեղծագործությունների տեսահոլովակները: Այս տարի հեռուստաալիքը վերոհիշյալ երկու անվանակարգից բացի մրցանակներ է հանձնելու նաև «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն փոփ-տեսահոլովակ», «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ», «Լավագույն ռոք-տեսահոլովակ», «Լավագույն զուգերգ», «Լավագույն «ուղերձով» տեսահոլովակ», «Տղամարդու լավագույն տեսահոլովակ», «Կնոջ լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն պարարվեստ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում (մանրամասները՝ այստեղ): Բոլոր հաղթողներին հանձնվում են տիեզերագնացի պատկերող արձանիկներ:
Capital Cities-ի Safe and Sound տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ՝
Սիբու Սիմոնյանը լուսանկարում ձախից առաջինն է










