Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մի մասը թանգարանի է վերածվելու
Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մի մասը վերածվելու է թանգարանի, որտեղ ցուցադրվելու են հայկական արվեստի նմուշներ. տեղեկացնում է Radikal-ը։
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը եկեղեցու մի հատվածը թանգարանի վերածելու մասին արձանագրություն են ստորագրել։
«Հավատում եմ, որ այս արձանագրությունը Դիարբեքիրը ճանաչելու հարցում մեծ նպաստ է ունենալու»,-ասել է Օսման Բայդեմիրը։
Եկեղեցում հայերի մասին տեղեկություններ, փաստաթղթեր են տեղ գտնելու և այն բաց է լինելու այցելուների համար։
Ի դեպ՝ ստորագրված արձանագրության մեջ նշվում է նաև, որ թանգարանի էլեկտրաէներգիայի, ջրի և մաքրության հարցերը փոխհատուցելու է քաղաքապետարանը։










