Վախթանգ Կիկաբիձեն նշում է իր 75-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)

14:01 • 19.07.13

Հայտնի վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն, ով նշում է իր ծննդյան 75-ամյակը, РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե ինչու չի կարող մեկնել Ռուսաստան և խոսել է իր հուշագրությունների մասին:

Հայտնի դերասանն ասում է, որ կարող է վերադառնալ Ռուսաստան, եթե իր ներկայությունը որևէ բան կփոխի Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում: Կիկաբիձեն դադարեցրել է իր ելույթները Ռուսաստանում 2008թ. օգոստոսին Վրաստանի պատերազմից հետո:

«Եթե իմ ներկայությունը որևէ բան կփոխեր, ես հենց այսօր էլ կմեկնեի: Պարզապես երգող մարդը պետք է հաճույք պատճառի, իսկ ես չեմ կարող խաբել: Եթե ես մեկնեմ, ապա պետք է երգեմ և ետ նայեմ, կստացվի, որ ես խաբում եմ, և ինձ դա տհաճ կլինի: Իսկ երբ տհաճ է իմ համար, հաճելի չէ նաև ունկնդրին»,- ասել է Կիկաբիձեն:

Արտիստը նշել է նաև, որ կարոտում է ռուս ժողովրդին և մաղթում է երկու երկրների միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորում: «Այո, ինձ անընդհատ կանչում են: Եվ ես գիտեմ, որ Ռուսաստանում ինձ շատ սիրում են: Սակայն խոսքը ժողովրդի մասին չէ, այլ քաղաքականության»,- նշել է Կիկաբիձեն` ավելացնելով, որ երկու երկրների միջև պատնեշն «արհեստական է ստեղծված»:

Հարցազրույցում Կիկաբիձեն նշել է, որ չի սիրում ինքնակենսագրություններ և երկար ժամանակ կասկածում էր, արժե արդյոք սկսել գրել: Սակայն, հիշելով մի քանի պատմություններ իր ծանոթների կյանքից, նա որոշել է դրանք փոխանցել թղթին: Այդ պատմություններն էլ ընկել են «Կովկասյան ազգության դեմք» նախնական անվանումով գրքի հիմքում:
Դերասանը բացատրել է, որ անձամբ կինոյում հազվադեպ է նկարահանվում, քանի որ հետաքրքիր սցենարներ հաճախ չէ որ պատահում են: Վաստակում է երգելով:

Վախթանգ Կիկաբիձեն Վրաստանի ՍՍՀ ժողովրդական արտիստ է, բազմաթիվ միջազգային երգի մրցույթների և կինոփառատոների դափնեկիր: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են` «Միմինո», «Մի լացիր», «Վազք» և այլն: