Էռնեստո Չե Գևարայի ձեռագրերը դարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի վավերագրական ժառանգություն

12:26 • 20.07.13

Կուբացի հայտնի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի վավերագրական ժառանգության ռեեստրում, հայտնում է РИА Новости-ն։


Չե Գևարայի ձեռագրերը ռեեստրում ընդգրկվելուն նվիրված հանդիսավոր արարողությունն անցկացվել է Սան Կարլոս դե կա Կաբանյա ամրոցում՝ Գևարայի ավագ դուստր Ալեյդայի ներկայությամբ։ Որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ, և սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ՄԱԿ-ն «ընդունում է Գևարայի ներդրումը համաշխարհային և լատինաամերիկյան հեղափոխական մտքում՝ վերածելով այն ապստամբական շարժման, ազատագրման և ինտերնացիոնալիզմի խորհրդանիշի»։


Հավաքածուում ընդգրկված են 431 ձեռագրեր, որոնք վերաբերվում են նրա կյանքին և ստեղծագործական աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, ցուցակում կա ավելի քան 1.000 նմուշ, այդ թվում՝ նրա պատանեկան գրառումները և բոլիվիական օրագիրը։


Չե Գևարայի դստեր խոսքով՝ Կուբայի համար շատ կարևոր է ՄԱԿ-ի աջակցությունը ժառանգության պահպանման հարցում։ «Մենք ապրում ենք մի երկրում, որը շրջափակման մեջ է, և այդ փաստաթղթերը պատմության համար, մեր ապագայի համար պահպանելու օգնությունը շատ կարևոր է»,- ասել է նա։