Չակ Պալանիկը կգրի «Մարտական ակումբ» վեպի շարունակությունը
Ամերիկացի գրող Չակ Պալանիկի հայտնի «Մարտական ակումբ» վեպը, որն ընկած է Բրեդ Փիթի և Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ Դևիդ Ֆինչերի համանուն ֆիլմի հիմքում, շարունակություն կունենա գրաֆիկական նովելի տեսքով, գրում է filmpro.ru-ն։
Հեղինակի խոսքով, վեպի գործողությունները տեղի կունենան «Մարտական ակումբ»-ի իրադարձություններից 10 տարի անց։
Նոր պատմությունը կներկայացվի Թայլեր Դյորդենի տեսանկյունից։ Ըստ Սյուժեի՝ Թայլերը առևանգում է Ջեքի և Մարլայի որդուն, որից հետո Ջեքի կյանքը կրկին դժոխքի է վերածվում։
Պալանիկը պատմել է, որ վեպի շարունակությունը կլինի ոչ պակաս մռայլ և դաժան, որքան օրիգինալը։ Մի քանի թողարկումներից բաղկացած շարքը կսկսի լույս տեսնել 2015-ից։ Իր պաշտոնական հաղորդագրությունում հեղինակը հայտնել է, որ կսկսի բանակցությունները հրատարակիչների հետ, երբ ավարտի գիրքը։










