22 տարի անց 1-ին անգամ Հասմիկ Պապյանը ելույթ կունենա ֆիլhարմոնիկ նվագախմբի հետ
Համաշխարհային մեծության օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Հայաստանում է և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հուլիսի 25-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, որով էլ կեզրափակվի նվագախմբի 2012-2013թթ-ի համերգաշրջանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հասմիկ Պապյանը նշեց, որ համերգը նախապես ծրագրված չէր և ինքը հայրենիք էր վերադարձել միայն հանգստանալու համար:
«Բայց առաջարկություն արվեց նվագախմբի հետ ելույթ ունենալ, և ես չէի կարող մերժել: Դժվարությունը կայանում է նրանում, որ կարճ ժամանակ է տրված համերգին պատրաստվելու համար: Այն, ինչ մենք անում ենք, սովորաբար, ամիսների աշխատանք է, բայց պետք է փորձենք, այս շոգին փորձում ենք ամեն ինչ անել, որ լավ համերգ կազմակերպենք»,- ասաց նա:
Նշենք, որ երգչուհին համերգին երգելու է Վերդի և Վագներ, քանի որ այս տարի նշվում է նրանց 200 ամյակը:
«Ես մեր ֆիլհարմոնիկի հետ վերջին անգամ 22 տարի առաջ եմ երգել, վերադարձը իմ համար շատ հուզիչ է: Մեր նվագախումբը չի տարբերվում մյուսներից, իհարկե, կան շատ ճանաչված նվագախմբեր, ոոնք ունեն հարյուրամյակների ավանդույթներ, բայց այս պայմաններում ունենալ այսպիսի նվագախումբ շռայլություն է մեզ համար»,-նշեց Հասմիկ Պապյանը և ընդգծեց, որ ինքը շատ հանգիստ է զգում հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Ելույթ ունեցավ նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով ասաց, որ համերգը երկու նվեր է պարունակում:
«Դրանցից մեկն այն է, որ մեզ հետ երգում է համաշխարհային մեծության օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, իսկ երկրորդը՝ նվագելու ենք Վագներ, որը հազվադեպ ենք անում Հայաստանում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու հայկական երաժշտություն չի հնչելու, Էդուարդ Թոփչյանը հորդորեց երաժշտությունը ազգային պատկանելիության չդասել, քանի որ բոլորն էլ իրեն հարազատ են՝ անկախ ազգությունից:










