Դուք մարդիկ չեք, դուք իմ ժամանակակիցներն եք. Գրիգոր Խաչատրյան

23:55 • 28.07.13

«Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդիկ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք»,-ասում է հայտնի արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը։ Գրիգոր Խաչատրյանի ժամանակներում առաջինները դարձան վերջիններ, նախադասության ենթակաները դարձան լրացումներ, ժրաջան բայերը հրաժարվեցին գործողություններից, համարյա բոլոր բառերը չարաշահվեցին ու ստվեցին, և անգամ վանկը, անդամը, հոլովը մեկ սանտիմետրանոց նախադասության մեջ միմյանց չէին գտնում։ Եվ այսքանից հետո հնարավոր եղավ զրուցել նրա հետ։
 

-Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցը ողջունում է Պատահականությունների պլանավորման միջազգային կենտրոնի հիմնադիր, Հիմարների կուսակցության նախագահ, Վրաստանի նախագահ Սահակաշվիլու ձեռքն անձամբ շոշափած գործիչ, ՀՀ նախագահի լեգիտիմ թեկնածուին։


- Սահակաշվիլու քայլը պետք է դիտարկել «Մեծերի նկատմամբ ակնածանքը մեծերին է հատուկ» ասույթի լույսի ներքո և անցնել առաջ:


-Գիտեմ, որ Դուք կասեք ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Ես, իհարկե, կզսպեմ գայթակղությունս և Ձեզ չեմ հարցնի Գալիլեյի և Կեպլերի հայտնագործած դասական մեխանիկայի ճշմարտությունների մասին և Ձեզ չեմ ծանրաբեռնի նույնիսկ հայտնի ճշմարտության՝ վերջին տասնամյակում ձեռք բերած մեր ահռելի նվաճումների հարցով՝ հաստատ իմանալով, որ դրանք թվարկելու համար Ձեզ շաբաթներն էլ չեն բավականացնի։ Եթե Դուք հիմնադրել եք Հիմարների կուսակցությունը, կնշանակի ընդառաջ եք գնացել Գրիգոր Խաչատրյանի ժամանակների քաղաքական հստակ պահանջարկին, և լինելով օրինապաշտ քաղաքացի` բնականաբար ունեք նաև այդ կուսակցության կանոնադրությունը՝ Ձեր ճշմարտության մանիֆեստը։ Տեսնո՞ւմ եք որքան համեստ սկսեցի, կարող էի, չէ՞, մանիֆեստի փոխարեն գործածել, ասենք, տեսլական բառը։


-Իզուր տեսլականը չօգտագործեցիք,այսօր շատերն են խուսափում հայեցի խոսելուց, հայեցի լինելուց՝ վախենալով չհամապատասխանել ժամանակի պահանջներին և հակառակը՝ համապատասխանելով ժամանակի պահանջներին՝ անհարմար դիրք ընդունել մեր ոսկեղենիկի և ծառերից իջած ազգային արժանապատվության նկատմամբ: Ես միայն մեջ բերեմ Հիմարների կուսակցության ամենակարևոր դրույթներից մեկը՝ «Քաջության համար հիմարություն է հարկավոր, և սա գիտեն միայն քաջերը»:


- «Օ՜, Գրիգոր Խաչատրյանի ժամանակներ, օ՜, Գրիգոր Խաչատրյանի բարքեր»։
Գրիգոր Խաչատրյանի ժամանակներում առաջինները դարձան վերջիններ, նախադասության ենթակաները դարձան լրացումներ, ժրաջան բայերը հրաժարվեցին գործողություններից, համարյա բոլոր բառերը չարաշահվեցին ու ստվեցին, և անգամ վանկը, անդամը, հոլովը մեկ սանտիմետրանոց նախադասության մեջ միմյանց չէին գտնում։ Խնդրում եմ, ասացեք այն բառերի ցանկը, որոնց դեռևս հնարավոր է այնպես կապակցել, որ կրկին հասնենք կորսված մտքերի ու իմաստների արքայությանը։ Իմիջիայլոց, նեղն ընկնելու դեպքում կարող եք անարգել չարաշահել բոլոր կապական բառերը և անգամ սրտի ուզածի չափ տուրք տալ շրջուն շարադասության ընձեռած մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին։


- Շատ լավ էր, անցանք առաջ:


-Օն, առաջ։ Գրիգոր Խաչատրյանի ժամանակներում կենդանի օրգանիզմների բավականին ապշեցուցիչ զանազանություն կար, և Գրիգոր Խաչատրյանը չէր զլացել ու նրանց նեղ կարիքների համար ստեղծել էր անգամ Պատահականությունների պլանավորման կենտրոն։ Բայց արի ու տես, որ այդ զարմանազաններր խարխափում էին կույր պատահականությունների ճիրաններում, և զարմանալիորեն չէին հասկանում, թե որքան է նրանց արեալի լայնքը։ Հարց. Որքա՞ն է, ի վերջո, մեր երկրի լայնքը։



-Սա փաստորեն առաջին հարցն էր, իսկ ես հիմարաբար արդեն պատասխանում էի:


-Հարց երրորդ. Թերևս, միայն Գրիգոր Խաչատրյանին կարելի է արարչագործության մասին հարցեր տալ, քանի որ ապրողներիս ունակությունը սահմանափակ է, և մենք գիտակցում ենք, որ զամենայն բարձր բան չէ, որ հասանելի է հողեղեններիս։ Որո՞նք են այս տարածքի երթևեկի այն կանոնները, որոնք խախտելու դեպքում ծանր ելքերով վրաերթներ կլինեն, մեծ խցանումներ, երկնքից անեծք կտեղա և երկիրը քեզ դուրս կանի իր սահմաններից։


-Դուք խոսեցիք կենդանի օրգանիզմների՝ իմ անցյալ ժամանակներում ունեցած զանազանության,նրանց կարիքների, բնականաբար, իմ մեծահոգության մասին։ Եվ նրանց արեալի լայնքի չիմացությունը կապվեց մեր հայրենիքի լայնքի վերաբերյալ հարցով: Մեր դրոշն իր վառվռուն գույներով թաքցնում է ամենայն գորշն ու գաղջը, գերբի հպարտ կենդանիների համար անընդունելի է որևէ զանազանություն, իսկ հիմնի նախկին իսկական տեքստն այսօր ավելի քան արդիական է: Հետևաբար, այս նշանային, մաշված, խիստ թափանցիկ քողի մակերեսից արդեն պարզ երևում է ոչ միայն մեր երկրի լայնքը, երկարությունը, խորությունը, ծավալն ու գույնը,այլև՝ բազմաթիվ օրգանիզմների, ծնողների և մյուս հարազատների տարբեր ֆիզիկական և եթե կարելի է ասել՝ հոգեկերտվածքային առանաձնահատկությունները, որոնք հատկանշանական են էվոլյուցիոն, անցումային փուլում գտնվող, ծառերից մյուսներից ավելի շուտ իջած, քրիստոնեությունն ավելի շուտ ընդունած և բազմաթիվ առաքինությունների տակ կքած բազմադարյան քաղաքակրթություն ունեցող հինավուրց բիբլիական ազգին:


-Գրիգոր Խաչատրյանի ժամանակներում մի մասը խելամտորեն կարծում է, որ իր շուրջ եղած իրականությունն ամենևին էլ իր գործունեության արդյունքը չէ. մի ստվար զանգված էլ համոզված է, որ զամենայն չարի ծնողը երկրի իշխաններն են, սակայն նրանք, այնուամենայնիվ, հոգու թաքուն անկյունում եվրոպոիդ են և ամբողջ կյանքում պլացդարմ են փնտրել այն արտահայտելու համար։ Բայց կա նաև այս տեքստի 3-րդ գլուխը, որի էջերում գրված է՝ գրոհել պալատը, կտրել չար ծառը։ Սրանցից ո՞րն է Ձեր էլեկտորատը. նրանց ուղղեք Ձեր ուշացած ուղերձը... Մանավանդ, որ նախագահի թեկնածու առաջադրվելիս զլացաք ասել, թե որքան եք սիրում Ձեր հայրենիքը, չնշեցիք կոնկրետ թվեր այդ սիրո չափուքանակի, խորության և մասշտաբայնության մասին։


-Սիրո չափուքանակ խորություն , մասշտաբայնություն փնտրեք միայն երկրի բարձրագույն ղեկավարության, այսինքն՝ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության անդամների, երեսփոխանների, թաղապետերի, մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների մոտ, ուր այն առավել քան ակնբախորեն դոշ է տվել, փրփրել, և պետք է այս հասարակության պես կույր լինել չտեսնելու համար այդ սերը: Հիշեք «Կնքահայրը» ֆիլմից հատվածը, երբ սպանությունից հետո Կառլեոնին մոտենում է որդուն՝ ասելով, թե ինչքան շատ է նրան սիրում: Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ այդ ֆիլմը շատերի մոտ փոխարինել է Ավետարանին, որովհետև այնտեղ այսօրվա ամենահաջողակ մարդիկ են: Փոքր կամ սթից սերը լավագույնս կարող է հանգեցնել փոքր հանցագործության և մեծ պատժաչափի՝ որպես սիրո փոքր արտահայտության: Սերն է ստիպում, մղում հանցագործության։ Բոլոր փոփոխությունների ձգտող ուժերը, այսինքն՝ ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունները, որ գոչում են այդ խիստ անհամարժեք «Սերժիկ հեռացիր»-ը կամ «Ամոթ-ամոթ-ը»՝ ավելի քիչ են սիրում իրենց հարազատներին և հեռավորներին, կարելի է ասել՝ բոլորովին էլ չեն սիրում և նույնիսկ հակառակը, որովհետև հանուն դրա չեն գնում որևէ օրինախախտման և անամոթաբար նույնիսկ հպարտանում են իրենց օրինավորությամբ։ Իսկական մեծ սերը չի կարող ընկրկել ոչնչի առջև, առավել ևս՝ օրենքի: Օրենքն անհավատի համար է, իսկ հավատացյալի վրա օրենքը տարածում չունի, նրան ամեն ինչ ներվում է իր ունեցած մեծագույն սիրո համար՝ առ կինը, երեխաները, եղբայրներն ու քույրերը, հին ու նոր ընկերները, հոգսը նրանց բարեկեցության, երեխաների, թոռների և ծոռների ապագայի համար, ինչը և Հայրենիքն է: Սիրո օբյեկտներն ու սուբյեկտները, նրանց որոշ հատվածներ ոչ միայն զգեստներով, այլև ուրիշ պաշտպանության կարիք ունեն, որն իրականացնում են ոստիկանական և արդարադատության օրգանները՝ Էվոլյուցիոն զարգացման նպատակահարմարության պահանջով։


-Գրիգոր Խաչատրյանի ժամանակներում ամենամեծ բարձունքների հասան նրանք, որոնց համար անհասանելի է 4-րդ դասարանի պարտուսի մոտ 75 տոկոսը, ալերգիկները, որոնք քրոնիկ նոպաներ էին ունենում, երբ դեմառդեմ հանդիպում էին որևէ բանի, ինչից քյաբաբի հոտ չէր փչում, տրական, հայցական փոքրամասնությունները... Բայց այդ ցանկը կազմելն ամենևին էլ իմ կոչումը չէ, այլ ամենայն հայոց Գրիգոր Խաչատրյանի։


-Քանի որ Դուք գիտակցում եք Ձեր հասկանալու ունակության սահմանափակությունը, հետևաբար, այն կարող է անսահմանափակվել այդ հասկանալու ուղիղ համեմատական կարգով, իսկ պատահականությունների պլանավորումը պարզապես պետք չէ կապել եղանակի տեսության, բնական աղետների կամ գուշակության տեխնոլոգիաների հետ, և հետո, միևնույն է, Դուք ասելու եք, որ այդպես էլ գիտեի, կամ՝ սիրտս այդպես էլ վկայում էր։


- Հին ու բարի պրիոմը հիշեցի, որ ցանկացած մանրումիջին ախմախություն անընդմեջ պտտեցնելու համար սովետական ագիտպրոպը ասում էր ՝ «Հարգելի հեռուստադիտողների կամ ռադիոլսողների խնդրանքով կրկնում ենք», կամ, ասենք, եզան գեղի կթվորուհի էսինչը խնդրել է. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեդիա կենտրոնի ղեկավարին իր ժամանակակիցները դիմել են թախանձագին խնդրանքով՝ կարգախոսներ գրել հայրենական քաղաքական պաստառների համար, որ այդ լոշիկը տանեն տան այսինչ հռետորին, որ նա մեզ բան ունենա ասելու հարթակ բարձրանալուց առաջ և հատկապես հետո։ Ի վերջո, մի ամբողջ մազապուրծ ժողովուրդ չի կարող անընդհատ պարտվել, ինչ է թե Գրիգոր Խաչատրյանը չի գրում իր ժամանակակիցների փրկության գլխավոր ուղենիշները։ Գոնե տեքստն ասեք, ես գրեմ։


- Չգիտես ինչու՝ սիրո առանձին դրսևորումները, մասնավորապես հայ տղամարդու անքակտելի մասը՝ հայհոյանքը, ցենզուրայի պատճառով հասանելի չէ լայն հասարակությանը՝ զրկելով նրան տեղեկատվություն ստանալու իրավունքից, բացի որոշ սոցցանցերում ժամանակ առ ժամանակ սպրդող տեսանյութերից: Եթե ցենզուրան չլիներ, պատկերացնում եք՝ իշխանություն և հասարակություն փոխադարձ սիրո ինչպիսի արտահայտությունների, դրսևորումների ակնդիր և ունկնդիր կլինեինք, իսկ այսպես տպավորություն է ստեղծվում, թէ իշխանություն- հասարակություն ատելության, հակամարտության մթնոլորտ կա, ինչի հետ, իրավամբ, չի կարելի համաձայնել: Հիշո՞ւմ եք տողերը... Եվ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով...


- Այստեղ չես կարող չհիշել պորտը տեղը դնելու Ձեր հայտնի ակցիան, որն առաջին դեմքով՝ հիմնադիր նախագահի պատկերով, հղված էր բոլորիս, բայց ամենաանպատասխանատու պահին զսպանակը վատ ձգեցիք, և հիմա ինչպես քաղաքական անդերգրաունդը կասեր՝ ունենք այն, ինչ ունենք։ Ես՝ որպես Գրիգոր Խաչատրյանի ժամանակակից, իրավունք ունեմ իմանալու, թե ի վերջո այդ պորտը... կներեք, զսպանակն ի՞նչ արեցիք, որտե՞ղ շպրտեցիք։ Կներեք, որ ազգային անվտանգության հետ կապված ծանր հարցեր եմ տալիս, բայց կարո՞ղ եք, չէ՞, գոնե հուշել, թե ինչ կոնցեպտով էիք որոշել համազգային կարևորության այդ հարցը գլուխ բերել։


- Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած 1996թ.-ին ՆՓԱԿ-ում կազմակերպված ակցիային, դա ընդամենը իմ առաջ քաշած վարկածի սնանկությանն էր վերաբերում, որը ձևակերպված էր այսպես՝ «Դիտարկումը չհաստատեց պրեզիդենտի պորտը տեղում չլինելու վարկածը»: Ինչպես տեսնում եք, մեր կարևորագույն անելիքը պետք է լինի ուժեղ, բազմաբևեռ, կաթոգին և տեղ-տեղ վանքապատկան սերը: Գիտեք, որ միֆերում, լեգենդներում որևէ մեկին ոչնչացնելու համար հայտնվում է նրա նմանակը, և գիտության մեջ էլ հակամարմինը նույն դերն ունի:

 

Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի