Մաշա Մնջոյանը «Նոր ալիքում» ներկայացրեց «Ես ու միայն դու» երգի պրեմիերան
Քիչ առաջ «Նոր ալիք 2013» մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը դարձյալ փայլուն ելույթ ունեցավ, սակայն այսօր մրցույթի ժյուրին զլացավ շռայլ գնահատականներ շնորհել մեր երգչուհուն: Ամբողջ կատարման ընթացքում նկատելի էր դահլիճի հայ ներկայացուցիչների աշխույժ աջակցությունը. ոմանք ձայնակցում էին, իսկ ոմանք ակտիվ պարում: Մերին հանդես էր գալիս իր աղմուկ հանած զգեստով: Դա այս մրցույթի մասնակիցների շրջանում ամենաթանկ զգեստն է, արժեքը՝ 20.000 եվրո:
«Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանը ներկայացրեց «Ես ու միայն դու» երգը, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ռուբեն Մխիթարյանը: Ժյուրին Մերիին տվեց ընդհանուր առմամբ 156 միավոր:
Առջևում դեռ հանդիսատեսի քեվեարկությունն է: Իսկ վերջնական արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 28-ին:
Ի դեպ, տարածված տեղեկությունը, թե ժյուրիի անդամներից Տոտո Կուտունիոն դուրս է բերվել ժյուրիի կազմից, չի համապատասխանում իրականությանը: Նա կրկին ժյուրիում էր և այս անգամ էլ ամենացածր միավորը տվեց Հայաստանի մասնակցին: Նախորդ մրցութային օրը նա նույն վերաբերմունքն էր դրսևորել Վրաստանի մասնակցի նկատմամբ:
Այս պահի դրությամբ առաջին տեղում կուբացի երգիչ Ռոբերտո Տորեսն է, երկրորդ տեղում՝ Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեն, երրորդում՝ Հայաստանը ՝ ի դեմս Մերի Մնջոյանի:
Մրցույթին մասնակցում են 16 մասնակիցներ՝ 11 երկրներից:
Կիրակի տեղի կունենա մրցույթի գալլա համերգը և մրցանակաբաշխությունը:










