Տոտո Կուտունյոն ներողություն է խնդրել «Նոր ալիքի» Վրաստանի ներկայացուցչից և նրան երգ նվիրել
«Նոր ալիք 2013» երգի մրցույթում երկրորդ տեղը գրաված Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեին «Հախճապակե ալիք» մրցանակը հանձնել են ժյուրիի անդամներ Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեևը և Իգոր Նիկոլաևը։
Վրաստանի մասնակիցը նաև 30 հազար եվրո դրամական պարգևի է արժանացել։
Տոտո Կուտունյոն, ով երկրորդ փուլում Սալոմե Կատամաձեին ամենացածր՝ 8 բալ էր նշանակել, «ներողություն է» խնդրել՝ նրան երգ նվիրելով և Իտալիա է հրավիրելով։
Հիշեցնենք, որ հենց Կուտունյոյի 8 միավորն էր որոշիչ դարձել Սալոմե Կատամաձեի համար, և նա մրցակցին զիջել էր ընդամենը 1 միավորի տարբերությամբ։
Մաքսիմ Ֆադեևը ևս խոստովանել է, որ ափսոսում է վրացուհուն 10 բալ գնահատելու համար՝ առավելագույն 11-ի փոխարեն։
Ինչպես հաղորդել է Грузия Online-ը, երեկ Իգոր Կրուտոյը նշել է, որ Տոտո Կուտոնյոն «փոքր-ինչ զարմացրել է» ժյուրիի անդամներին։
«Նա մերթ հոտնկայս ողջունում էր որոշ երգիչների՝ նրանց ելույթներից հետո, ինչը սովորաբար ժյուրիի անդամները չեն անում, մեկ էլ ժլատ էր գնահատականներ տալիս։ Օրինակ՝ երկրորդ փուլի ընթացքում նա Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեին 8 միավոր տվեց՝ դրանով նրան փաստացի զրկելով առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե հաջորդ տարի կշարունակե՞ն համագործակցել Կուտունյոյի հետ, Իգոր Կրուտոյն ասել է, որ «Նոր ալիք 2014»-ի հետ կապված հարցերը քննարկվելու են հոկտեմբերին։










