193 անուն 8700 կտոր գրքեր՝ Երևանի գրադարաններին

17:53 • 31.07.13

Երևանի գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով. այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երևանի գրադարաններին, երաժշտական և արվեստի դպրոցներին, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասել է, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացել էր շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։


«Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաև գրաֆոնդի համալրումը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս օրերին իսկապես անհրաժեշտ գրականություն է բաշխվում մեր գրադարաններին»,– ասել է նա։


«Նոր գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակված գրականություն են, և, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանում»,- նշել է Արամ Սուքիասյանը։


Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, գեղանկարիչների ալբոմներ, պատմագիտական գրականություն, հեքիաթներ և այլն։


Գրադարանները նոր գրքերը ստանում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի պայմանավորվածության հիման վրա։