Պետք է հաճույք ստանաս կյանքիդ ամեն վայրկյանից, քանի որ վաղվա օրդ կարող է և չլինել. Մարկ Սաղաթելյան

16:47 • 31.07.13

Մահացավ հայտնի հաղորդավար, շոումեն, դրական էմոցիաների ու ժպիտների գեներատոր Մարկ Սաղաթելյանը, այն նույն Մարկը, ով համարձակվեց ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում նմանակել Միխայիլ Գորբաչովին։ Դա այն դերն էր, որը ոչ միայն ճանաչում բերեց նրան, այլև թույլ տվեց իրականացնել շատ այլ համարձակ նախագծեր։

 

1990-ականներին Մարկը ելույթ էր ունենում Ուրախների և հնարամիտների ԵրՄԻ թիմում (Երևանի պետական բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմը), որը 1991, 1992 և  1994 թվականներին երկու անգամ անցավ եզրափակիչ, իսկ մեկում դարձավ չեմպիոն։
 

 

Հենց այդ թիմը, որի ամենավառ ներկայացուցիչներից էր Մարկ Սաղաթելյանը, ՈՒՀԱ պատմության մեջ առաջին անգամ նմանակեց ժյուրիի անդամներին, բոլորին վարակեց ջազով, ստեղծեց երաժշտական հոլովակներ՝ մրցութային հանձնարարության շրջանակներում, ներկայացրեց ԽՍՀՄ առաջին նախագահի մանկական նմանակումը...



Հետո արդեն հայտնի դարձած Մարկ Սաղաթելյանը դարձավ առաջատար շոումեն և հեռուստահաղորդավար, ինչպես հարազատ Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։



Անհանգիստ հնարամիտը միշտ առաջնորդվում էր նոր գաղափարներով. 1990-ականներին նա փայլեց «Մեր բակը» ֆիլմում, որտեղ Արամոյի հետ կատարեց պանդոկային երգչի դերը։ Հետո հումորիստը հանդես եկավ մեկ այլ կերպարով՝  մարմնավորելով ղարաբաղցի տատիկ-հաղորդավարի։


Տարբեր տարիների նա հաղորդավար էր նաև «Նորություններ»-ում, իսկ հետո նաև «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում։
 

Էությամբ աշխատասեր այդ մարդը միշտ շարժման մեջ էր։ Վերջին տարիներին Մարկը «երկու ճակատով» էր աշխատում՝ Երևանում և Մոսկվայում, ու ամեն տեղ ժպիտների հրավառություն և ուրախություն էր տարածում։



Սիրված դերասան և շոումեն Մարկ Սաղաթելյանը մարտի 19-ին «Ուրվագիծ» հաղորդմանը ժամանակ ասել էր.«Հասկացել եմ մեկ բան, որ պետք է քո ապրած ամեն վայրկյանից հաճույք ստանաս: Իմաստ չունի ներվայնանալը.... Էնքան վատ բան կա, որ մարդը չի կարող պատկերացնել: Ես դրանով անցել եմ ու հասկացել եմ, որ դու պետք ա հաճույք ստանաս քո ամեն ապրած վայրկյանից, ժպտա՛ս, լա՛վ լինես, հասկանում եմ, դա դժվար բան է, բայց դա տենց է, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել: Դու կարող ես այսօր առողջ, ուրախ քայլել և վաղը ընդհանրապես չլինել, չեմ ասում, որ կարող ես լինել հաշմանդամ»:

 

Երեկ երեկոյան անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված Մարկը մահացավ այսօր՝ սուր լեյկոզ ախտորոշմամբ: Մահվանից րոպեներ անց նրա ընկերներն իրենց ցավն արտահայտեցին սոցիալական կայքերում:

 

Ռուս դերասան Միխայիլ Գալուստյանը գրել է.«Շատ բարի ու դրական մարդ էր. Շատ ցավալի է»։

 

Դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը գրել է. «Սենց անարդար չի կարա լինի կյանքը, 5 օրվա մեջ կորցնել 2 ընկեր և երկու շատ ուրախ մարդ: Աստված հոգիներդ լուսավորի, իմ ընկերներ: Մարկ ջան, ի՞նչ արեցիր դու մեր հետ»:

 

«Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար Եգոր Գլումով. «Ահա.... Մենք այլևս Մարկի հետ չենք հանդիպի ինչ-որ տեղ՝ ասենք Շերեմետևոյում» և չենք վիճի ֆուտբոլի մասին... սարսափելի է»։


Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքեր չեմ գտնում ասելու... հավատս չի գալիս... Լուսավոր ու տաղանդավոր մարդ, ով միայն ժպիտ էր պարգևում մեր հայ ազգին...Ցավում եմ շատ...Աստված հոգիդ լուսավորի Մարկ ջան...»:

 

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է .«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով .......մեզ կարոտով թողեցիր Մարկ Սաղաթելյան»։

 

Բժիշկ, ԿՎՆ-ական, Սաղաթելյանի ընկերը՝ Դավիդ Մաթևոսովը սոցցանցի իր էջում տեղադրել է իրենց վերջին խոսակցությունը. «Սա մեր վերջին երկխոսությունն է Մարկ Սաղաթելյանի հետ՝ 10 օր առաջ։ Ես ցանկանում եմ պատռել իմ ճերմակ խալաթն ու բղավել՝ կներես ընկեր, որ չկարողացա պաշտպանել քեզ, որ չկարողացա օգնել։ Նա անգամ դրա հնարավորությունը չտվեց։ Մարդ, այդպես արդար չէ»,- գրել է նա։

 


 

 

Ինքը՝ Մարկ Սաղաթելյանը Facebook-յան իր գրառումներից մեկում գրել է.

 


«Ծանր սրտով, բայց պարզ մտքով լքում եմ Երևանը: Սիրտս ծանրանում է նրանից, որ այն փողոցը, որտեղ ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատվեց, նրանից, որ ընկերներս չսկսեցին ավելի լավ ապրել, նրանից, որ մարդկանց աչքերում չտեսա հույս, նրանից, որ իմ քաղաքը չդարձավ ամբողջովին իմը: Եվ միայն մի պարզ միտք է հանգստացնում. ես դեռ կվերադառնամ: Մենք դեռ կվերադառնանք...»: